“Եթե հանքարդյունաբերությունը գա հարկային դաշտ, այն հանքերը, որոնք շահութաբեր չեն, չեն շահագործվի”. Հակոբ Սանասարյան

Հակոբ Սանասարյան“Կանաչների միության”  նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով` Հայաստանում իրական հանքեր չկան: Խորհրդային միության օրոք շահագործվում էին ընդամենը մի քանի հանքավայրեր` Շահումյանի ոսկու հանքավայրը, Սոտքի հանքավայրը, Մեղրաձորի, Քաջարանի, Դաստակերտի հանքավայրերը, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո այն բոլոր հանքերևակումները, որոնք Խորհրդային միության օրոք ուսումնասիրվել էին, վերածվեցին հանքերի:

Բնապահպանի խոսքով`Հայաստանի բոլոր ապարների մեջ թանկարժեք տարրեր կան` ոսկի արծաթ, մոլիբդեն, պղինձ: Բայց տնտեսական հաշվարկ անելիս, օգուտներն ու վնասները հաշվարկելիս, հասկանալի է դառնում, որ վնասներն ավելի շատ են:

“Մեղրի գետի ափին, Թխկուտի տեղամասում կա պղինձ և մոլիբդեն, ընդամենը 13.5 մլն տոննա հանքաքար, ինչը շատ քիչ պաշար է: Յուրքանչյուր մեկ տոննա հանքաքար հանելուց առաջանում է 23.5 տոննա դատարկ ապար, որի մեջ ծանր մետաղներ կան, դրանք ամբողջությամբ լցվում են գետերը”,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Անդրադառնալով բնապահպանական օրենքներին` Հակոբ Սանասարյանը վերհիշեց “Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքը, համաձայն որի` առաջին կարգի թափոնը, եթե տեղադրվում է պետական կամ մասնավոր հողի վրա, պետք է 48 000 դրամ պետությանը տուրք վճարվի: Մինչդեռ Հանքարդյունաբերողներին ազատել են այդ և բոլոր վճարներից: Նման օրենքները մեր երկիրը մսաղացով են անցկացնում”,- ասաց բնապահպանը:

Մեղրի քաղաքում, օրինակ, ըստ Հակոբ Սանասարյանի, մոտակա 5-7 տարվա ընթացքում ոչ ոք այլևս չի կարողանա ապրել: Միայն Մեղրու տարածաշրջանում 19 նոր հանքավայրերի շահագործման լիցենզիա է տրված: Եթե դրանք գործեն Մեղրին և Սյունիքը կկործանվեն:

“Պետք է կատարվեն տնտեսական հաշվարկներ և յուրաքանչյուր գործունեություն ենթարկվի տնտեսական հաշվակներին: Եթե օգուտները չեն գերազանցում վնասներին, նշանակում է այդ տնտեսական գործունեությունը պետք է դադարեցվի: Պետք է հանքարդյունաբերությունը բերվի հարկային դաշտ, որպեսզի մեր բնությունը չմեռնի: Հակառակ դեպքում մարդիկ կկորցնեն իրենց վարելահողերը, խմելու և ոռոգման ջուրը և այլն: Եթե հանքարդյունաբերությունը գա հարկային դաշտ, այն հանքերը, որոնք շահութաբեր չեն, չեն շահագործվի”,- ասաց Հակոբ Սանասարյանը:

 Անկախ

Tags: , ,