ՙՙԱկնհայտ է բոլորի համար, որ Սահմանադրական դատարանը խտրականություն է դնում՚՚. Արծվիկ Մինասյանը ՙՙԴԵՄ եմ՚՚-ի անդամներին

սահմանադրական դատարանՍահմանադրական դատարանում ընթանում է ՙՙԿուտակային կենսաթոշակների՚՚ մասին վիճահարույց օրենքի՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հայցի քննումը:

Սահմանադրական դատարանի շենքի դիմաց հավաքվել են ՙՙԴԵՄ եմ՚՚ նախաձեռնության անդամները և լուռ ակցիա են անցկացնում ընդդեմ օրենքի:

Նախաձեռնության անդամների խոսքով` իրենք իրենց բուն գործողությունների կատարմանը կանցնեն ժամը 13-ից հետո, իսկ թե ինչ գործողությունների մասին է խոսքը, առայժմ չեն բարձրաձայնում:

Ակցիայի մասնակիցների շարքում են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ երիտասարդներից մինչև տարեցներ: Նրանց ձեռքին ՙՙԴԵՄ եմ՚՚,ՙՙԺողովրդի կամքը վեր է նեղ խմբակային շահից՚՚ և այլ գրություններով պաստառներ են: Ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են:

Նշենք, որ ՙՙԴԵՄ եմ՚՚ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած լուռ ակցիայի մասնակիցները հավաքվել են Սահմանադրական դատարանի դիմաց` արդար որոշման ակնկալիքով:

ՙՙՄեր ակնկալիքը Սահմանադրական դատարանից անաչառությունն ու արդարադատությունն է: Լուռ ակցիայի անցկացմամբ մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանի ձեռքում գտնվող արդարադատության կշեռքի նժարները ևս հավասար են կանգնելու, այլապես, եթե արդարադատություն չկայացավ, խնդրի լուծումը և ուղին երկարելու է և կարող է բերել նաև հանրային ընդվզումների՚՚,- հայտարարեց նախաձեռնության ադամ Դավիթ Մանուկյանը:

Մինչ ակցիայի մասնակիցների հեռանալը Սահմանադրական դատարանի նիստն ընդմիջվեց, և ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՙՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան՝ ասաց. ՙՙԼավ կլինի, հաղթելու ենք, երկրում էլ հաստատվելու է սոցիալական արդարություն՚՚: Արծվիկ Մինասյանը հրաժարվեց գնահատական տալ Սահմանադրական դատարանի նիստի ընթացքին: ՙՙԹող մեր անհիմն փաստարկները հերքեն: Ակնհայտ է բոլորի համար, որ Սահմանադրական դատարանը խտրականություն է դնում՚՚,-ասաց պատգամավորը:

Անկախ

Tags: , ,