Մեկ ամսից ավել է, ինչ Գյումրու կենտրոնական հատվածներում՝ տարբեր փողոցներում, կարելի է տեսնել աղանդավորական այս խմբին՝ ցուցանակի վրա ինչ-որ «սուրբ գրքեր» դրած, որտեղ գրված է՝ վերցրեք անվճար: Մարդիկ գործում են ազատ ու անկաշկանդ, քաղաքի անցուդարձի պիկ ժամերին, ամենամարդաշատ վայրերում՝ բոլորի աչքի առաջ:
Սա կոչվում է հոգեորսություն, որը քրեորեն պատժելի արարք է, սակայն, ինչպես երևում է, ոչ Գյումրու, ոչ էլ Շիրակի մարզի ոստիկանները, չեն նկատում երևույթը:
Խումբը շաբաթներ առաջ հանգրվանել էր ոչ ավել, ոչ պակաս՝ Ռիժկովի ճեմափողոցում, հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա: Տեղի վաճառականներն ասում են՝ նրանց այստեղից պարզապես վռնդեցին: Հիմա հավատքի ջատագովները բնադրել են Սայաթ-Նովա փողոցում՝ մանկական զբոսայգու մուտքի մոտ:
Դժվար է ասել, գյումրեցիները մոտենու՞մ են նրանց «սեղանիկին», օգտվու՞մ՝ հրամցվող տեսականուց, սակայն մի բան պարզ է. աղանդավորները մարդկային որս են սկսել, օգտագործելով ամենախոցող զենքը՝ սոցիալական վիճակը: Այն, ինչ անվճար է, հազարների ուշադրությունն է գրավում ու ակամայից ձգում մարդկանց, մինչդեռ, շատերը մտածում են՝ իսկ հայ եկեղեցում սուրբ գրքերն ու աղոթարանները վաճառվում են:
Հարգելի պատկան մարմիններ՝ ոստիկանություն, դատախազություն, քաղաքապետարան, մարզպետարան, եկեղեցի և մյուսներ, զբաղվեք այս խնդրով, եղեք հետևողական, որ նրանք այդքան ազատություններ չունենան մեր քաղաքում, չտարածվեն ու չայլասերեն գյումրեցիներին, հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերին:
