«Արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին». պատասխանող կողմի հայտարարությունը

հակոբ հակոբյանԱյսօր սահմանադրական դատարանում սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:

Պատասխանող կողմը կուտակային համակարգի ներդրման օգտին նշեց ծնելիության նվազման հանգամանքը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքով` մեր երկրում ծնելիությունը պակասել է, արտագաղթն ավելացել է,  տնտեսությունը գտնվում է ոչ բարձր զարգացման մակարդակի վրա:

«Առկա միտումները շարունակելու պարագայում` 2025 թվականին մեզ մոտ գրանցվելու է 20 000 ծնունդ: 2050-ին մեզ մոտ տեսականորեն ստացվում է երկու թոշակառու մեկ աշխատող»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ բաշխողական համակարգը չի կարող համեմատության մեջ մտնել կուտակային համակարգի հետ և ապահովել արժանապատիվ կենսաթոշակի վճարում:

Ըստ Հակոբ Հակոբյանի` արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելով` մենք լուծում ենք երկու խնդիր, նախ ուղիղ կապ ենք ստեղծում կենսաթոշակի և աշխատանքային տարիներին վաստակածի միջև, ապա բարձրացնում կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը: Մեր հաշվարկներով` վերջում մենք կկարողանանք ապահովել 40-50 տոկոս փոխհատուցման գործակից»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

 

Tags: , ,