Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է հաղթողներին

002Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին շնորհավորել և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի համար 2 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրած  Երևանի 119 ավագ և 187 հիմնական դպրոցների թիմերին էլ պարգևներ են հանձնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: Շախմատի 8-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 6000, իսկ համայնքային փուլին՝ 204 կրթական հաստատությունների 816 դպրոցականներ: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթող թիմն առաջիկայում կմրցի Հայաստանի մարզերի լավագույն թիմերի հետ՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար: Հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետը մտերմիկ մթնոլորտում շփվել է աշակերտների և մարզիչների հետ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր բարձունքների հասնելուն աջակցելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: