Արցախցի մարզիկները նոր ակնկալիքներ ունեն

Արման Սարգսյան, Գոռ Ադամյանը և Գառնիկ Ադամյան,Արթուր ԱռուշանյանՄարտի 22-23-ը Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատե-դո-ի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև արցախցի մարզիկներ Արման Սարգսյանը, Գոռ Ադամյանը և Գառնիկ Ադամյանը` մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ:  Հանդես բերելով տեխնիկական ու տակտիկական բարձր հմտություններ` մեր մարզիկներից Արման Սարգսյանը`  14-15 տարեկանների տարիքային խմբի  55 կգ քաշային կարգում, իսկ Գոռ Ադամյանը`  16-17 տարեկանների տարիքային խմբի 60 կգ քաշային կարգ ում, գրավեցին 2-րդ տեղը` բարձր պահելով երկու հայկական հանրապետությունների` Հայաստանի և Արցախի պատիվը:

Հաղթանակած մարզիկներին Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ դիմավորեցին Ստեփանակերտի մարզադպրոցի սաները, մարզիչներն ու հարազատները:

Մարզիչ Արթուր Առուշանյանը գոհ է իր մարզիկների արդյունքներից: ՙՅուրաքանչյուր առաջնություն նոր մեկնարկ է լավագույնին հասնելու համար,- ասում է մարզիչը: – Մեր մարզիկները տրամադրված էին մարտականորեն: Նրանցից երկուսն առաջին անգամ են մասնակցում միջազգային առաջնության՚,- ասաց Արթուր Առուշանյանը` նշելով, որ Գոռ Ադամյանը անցյալ տարի ևս մասնակցել է աշխարհի առաջնությանը, բայց մենամարտել է իր քաշային կարգից երկու կարգ բարձր մարզիկի հետ: Դա արվել է ավելի շատ փորձի ձեռքբերման և ոչ թե մեդալի համար:

Մարզիչի հավաստմամբ`  ծանր ու դժվարին պայքար է եղել Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում. երկու տարիքային խմբում հայտագրված էին 150 մարզիկ` 40 երկրից:  Ա. Սարգսյանը անց է կացրել 4 մենամարտ: Չնայած առաջին մրցակիցն Արմանից ավելի բարձրահասակ էր ու նաև 17 կգ-ով ավելի ծանր, այնուհանդերձ մեր մարզիկը կարողացավ նրան նոկդաունի ենթարկել: Իսկ կիեսաեզրափակիչում նույն բախտին արժանացրեց նաև ադրբեջանցի մարզիկին: Գոռ Ադամյանը 5 մենամարտից 4-ն ավարտեց հաղթանակով: Երրորդ մրցակիցը ադրբեջանցի էր, որին էլ նոկաուտի ենթարկեց:

Արցախի թիմի մարզիչը հպարտությամբ է նշում, որ Ադրբեջանի հավաքականը` ներկայացնելով 15 մարզիկ, կարողացել է ընդամենը գրավել մեկ երրորդ տեղ, իսկ Արցախի երեք հոգանոց թիմն արժանացավ երկու մրցանակի`  երկուսն էլ 2-րդ տեղ` նվաճելով արծաթե մեդալներ:

Մեր երրորդ մարզիկը` Գառնիկ Ադամյանը, իսպանացի և գերմանացի մարզիկների հետ անցկացրած մենամարտերից (հաղթել է երկուսին էլ) հետո դուրս է եկել մրցապայքարից` կողերի վնասվածք ստանալու պատճառով: Նա արժանացել է առաջնության ՙԿամքի ուժ՚ մրցանակին:  Ի դեպ` Գոռ և Գառնիկ Ադամյանները երկվորյակ եղբայրներ են:

Եվ չնայած արցախցի մարզիկները հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, այնուամենայնիվ, բարձրացվել է նաև ԼՂՀ պետական դրոշը (ի հեճուկս մեր հարևանների):

Արցախցի մարզիկները պարգևատրվել են մեդալներով, համապատասխան գավաթներով և հավաստագրերով: Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները նրանց համազգեստներ են նվիրել: Օտար երկրում ևս մեր մարզիկները երկրպագուների պակաս չեն ունեցել:  ՙՄեզ անչափ ջերմ է ընդունել տեղի հայ համայնքը, -ասաց Արթուր Առուշանյանը:- Ակտաու քաղաքում շատ հայեր կան, հատկապես` ղարաբաղցիներ: Մենք մեզ զգում էինք այնպես, ինչպես մեր սեփական տանը՚: Ավելացնենք, որ Արցախի Կիոկուշին կարատե դո-ի հավաքականը ապրիլի 6-ին կմասնակցի Հայաստանի առաջնությանը, իսկ մայիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն վերոնշյալ երեք մարզիկներն ու մարզիչը. Արթուր Առուշանյանը հանդես կգա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Ընդհանուր առմամբ` մարզիկների տրամադրությունը բարձր է. նրանք լցված են հաղթելու ոգով և նոր տիտղոսներ նվաճելու ակնկալիքներ ունեն:

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Անկախ

 

Tags: ,