Մոմավառություն և ջահերթ Ստեփանակերտում` ի հիշատակ զոհված զինվորի

231746711390375933,,Հայկի սերունդ,, հասարակական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ մարտի 28-ին Ստեփանակերտում կազմակերպվեց մոմավառություն և ջահերթ՝ ի հիշատակ նախորդ օրը՝ մարտի 27-ին, ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից զոհված զինծառայող Արայիկ Բաբայանի:

Արցախի երիտասարդները նախ հավաքվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում, այնուհետև մասնակցել տեր Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը։

Ինչպես ասաց ,,Հայկի սերունդ,, ՀԿ փոխնախագահ Երվանդ Հաջյանը, երիտասարդները նման ակցիայով իրենց զորակցություն են հայտնում Բաբայանների ընտանիքին:

,,Ես շնորհակալություն եմ հայտնում այն երիտասարդներին, ովքեր մասնակցեցին երթին, որը կազմակերպեցինք հապճեպ՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Արցախի երիտասարդներս խոր կսկիծով սգում ենք ժամկետային զինծառայող Արայիկ Բաբայանի մահը և կիսում նրա հարազատների վիշտը, որը բոլորինս է՝ արցախցիներինն է,, ,- ասաց Ե. Հաջյանը

Այնուհետև երիտասարդները ԼՂՀ Ճանպարհային ոստիկանության ուղեկցությամբ ոտքով հասան հանգուցյալի շենքի բակն ու վառած մոմերը տեղադրեցին այնտեղ:

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

Tags: , ,