«Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի

Արմեն Աղայան (1)«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է միացյալ հրապարակ ստեղծել և ապրիլի 9-ին բոլոր քաղաքական ուժերին և նախաձեռնություններին սպասում է միացյալ հրապարակում: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի խոսքով` իրենց կուսակցությունն իրեն այդ դաշտում չի տեսնում:

««Հայազնը» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին իրեն չի տեսնում և չի տեսել նաև նախընտրական շրջանում և, ընդհանրապես, մենք նրան չենք տեսնում հարմար թեկնածուի դերում: Եթե նա միացյալ հրապարակն այն ժամանակ ձևավորեր, գուցե ավելի մեծ լիներ արդյունքը: Ակնհայտ է, որ հիմա նրա հնարավորությունները շատ քիչ են որևէ հարթակ ձևավորելու համար: Մենք ունենք հաթակի ձևավորման մեր սկզբունքները, և դեռևս որևէ քաղաքական ուժ այդ առումով առաջարկ չի արել: Անձերի շուրջ ձևավորվող որևէ հարթակի «Հայազնը» չի մասնակցելու կուլիսային քննարկումներում ձևավորվող ձևաչափերի` ևս: Եթե կլինի ինչ-որ ձևաչափ, որը կենթադրի կոլեգիալ ղեկավարություն ընտրական գործընթացի հիման վրա, «Հայազնը» մեծ սիրով կմասնակցի»,- ասաց Արմեն Աղայանը:

Ըստ բանախոսի` քաղաքականությունը միշտ էլ շոուի և պայքարի հանրագումար է եղել, անգամ ամենալուրջ պայքարող ուժերը ստիպված են երբեմն շոու անել` ցույց տալու համար իրենց ուժն ու ինքնուրույնությունը: Եթե դա արդյունավետ է, կարճ ժամանակ հետո կերևա: Սակայն մեր քաղաքական գործիչների մոտ անցյալից դասեր քաղելու դեֆիցիտ կա, նույն բանը պարբերաբար կրկնում են նույն անարդյունավետությամբ: Իսկ դրանց միշտ էլ ժողովուրդն արձագանքում է և օբյեկտիվորեն գնահատում այս կամ այն ուժի քաղաքական հեռանկարը:

«Պետք է հասկանալ, որ անձերի ժամանակն անցել է, իհարկե, կուռքեր դեռ կարող են ստեղծվել, պարբերաբար փորձ է արվում հին տեխնոլոգիաներով նոր կուռքեր ստեղծել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի արդյունքներից հետո այլևս որևէ կուռք չի կարող ավելի լավ արդյունք ձևավորել, այդ ճանապարհը դատապարտված է: Այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն հերթական կուռքին մատուցել ժողովրդին, կստանան դրա պատասխանը` ընտրությունների ժամանակ ձայների ցածր տոկոսներով, հրապարակների սակավամարդությամբ և այլն»,- ասաց Արմեն Աղայանը:

Հարցին` արդյո՞ք չորս ուժերի համախմբման այս գործընթացի հետևում Ռոբերտ Քոչարյանին կանգնած չի տեսնում, Արմեն Աղայանը պատասխանեց. «Դժվար է չնկատել, որ այս գործընթացի մեջ կա նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց մեկ այլ տեսնկյունից դիտարկելիս դա ուղղակի մահացու կլիներ Հայ ազգային կոնգրեսի համար: Մասնակցելով այդ գործընթացներին` նա պետք է երաշխիքներ ունենար, որ այդ ամենի արդյունքում գոնե Ռոբերտ Քոչարյանը չի հայտնվելու, որովհետև կա մարտի 1, կան ՀԱԿ-ի նախկին մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանին ուղղված: Այս առումով բավական բարդ խնդիր կա, չորս ուժերն այս փուլում ինչ-որ ձևով համաձայնության են եկել, այս փուլում չկա Ռոբերտ Քոչարյանը, բայց կան որոշակի ռեսուրսներ, որոնք գուցե նրա հետ կապված են»,- ասաց «Հայազնի» անդամը:

Վերջինս նշեց, որ իրենց համար նախկին և ներկա իշխանավորները մեկ ամբողջություն են, նույն հարթության մեջ են և’ Լևոն Տեր-Պետրոսյանը, և’ Ռոբերտ Քոչարյանը, և’ Սերժ Սարգսյանը, նրանց միջև գաղափարական կամ երկիրը կառավարելու օրինավորության հարցում որևէ տարբերություն չկա: Սա նույն փիլիսոփայությամբ իշխանությունն է: «Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի: Մենք դուրս ենք վերնախավի քաղաքական փիլիսոփայությունից:

Tags: , , ,