Այսօր Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են

թուրքիա Զանգածային ցույցերի, կոռուպցիոն սկանդալների, համացանցային կայքերի արգելափակման ֆոնի ներքո այսօր Թուրքիայում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բոլորին հետաքրքրում է միայն մեկ հարց՝ արդյո՞ք վարչապետ Թայիփ Էրդողանը կկարողանա ամրապնդել իր դիրքերը, թե՞ վերջին շրջանի զարգացումները կդառնան նրա վերջի սկիզբը: Այս պայքարում կարևոր նշանակություն ունի 15-20 միլիոնանոց Ստամբուլը, որտեղ հիմնական մրցակցությունը կծավալվի իշխող ԱԶ կուսակցության թեկնածու ներկայիս քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարըգյուլի միջև: Նախընտրական հարցումների արդյունքների համաձայն՝ նրանց հնարավորությունները հավասար են: Նշենք, որ ուղիղ 20 տարի առաջ ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը իր քաղաքական կարիերան սկսեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Եթե այժմ ԱԶ կուսակցությունը կորցնի Ստամբուլը, ապա Էրդողանը քաղաքական խոշոր պարտություն կկրի:

ԱԶ կուսակցությունը, որին սատարում են ավելի պահպանողական հայացքներ ունեցող թուրքերը, նախընտրական հաշվարկներով հավաքելու է ձայների մոտ 35-45 տոկոսը: Չնայած նման արդյունք գրանցելու դեպքում Էրդողանի կուսակցությունը կշարունակի մնալ ուժեղագույնը Թուրքիայում, սակայն դա ավելի քիչ կլինի, քան 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ ԱԶԿ-ը կարողացավ հավաքել 49,92 տոկոս ձայներ: Եթե այնուհանդերձ Էրդողանի կուսակցությունը կորցնի իշխանությունը երկրի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում ու Անկարայում, ապա նախագահ դառնալու վարչապետի շանսերը էականորեն կնվազեն: Այս ամենը լավ գիտակցում են նրա հակառակորդները: Վերջիններս հայտարարում են, որ այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն, ուստի բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին կոչ են անում միահամուռ կերպով իրենց ձայնը տալ Մուստաֆա Սարըգյուլին:

Եվ այսպես, այսօր Թուրքիայում երկար սպասված ՏԻՄ ընտրություններ են: Եվ ինչպես թուրքական ասացվածքում է ասվում «Լավ ժպտում է նա, ով վերջինն է ժպտում»:

Անկախ

Tags: ,