Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել: Այստեղ միանգամից իրենց աշխատանքներն են սկսել քաղաքապետարանը, մարզպետարանն ու Շիրակ-ջրմուղկոյուղին: Ամեն օր քանդում են փողոցների ասֆալտը, փորում ջրագծեր անցկացնելու համար և այլն: Ինչը խոչընդոտում է նաև քաղաքային երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների աշխատանքին:
Նշենք, որ KFW բանկի վարկային ծրագրով Շիրակի մարզի 4 համայնքներում իրականացվում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փոփոխման ծրագրեր: Առաջին փուլով մարզի երեք համայնքներ` Մարալիկը, Ախուրյանն ու Ազատանն ունեցան շուրջօրյա ջրամատակարարում: Հերթը Գյումրի քաղաքինն է. այստեղ ավելի քան 3 մլրդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ են իրականացվում:
Մեծ աշխատանքներ են կատարվում նաև փողոցների վերականգնման ուղղությամբ: Շիրակի մարզում իրականացված հրատապ լուծում պահանջող խնդիրների 4 ծրագրերով Գյումրի քաղաքում 320 մլն դրամի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: “Ծրագիրը շարունակվում է նաև այս տարի, որտեղ գումար կա հատկացված Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգման համար: Մոտ օրերս կսկսվեն շինարարական աշխատանքները: Առանձին Գյումրի քաղաքի փողոցների հիմնանորոգման համար կառավարության ապրիլի 4-ի 365 որոշմամբ Շիրակի մարզպետարանին տրամադրեց 300 մլն դրամ: Իրականացվելու են քաղաքի կենտրոնական հրապարակի, հրապարակ մտնող-դուրս եկող բոլոր 5 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Դրանք են` Համբարձումյան, Սպանդարյան, Չերազի, Գայի, Հակոբյան փողոցները, ինչպես նաև Չապաևի և Շիրակացի փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար: Ի տարբերություն մյուս փողոցների, որտեղ կատարվելու են փոսային նորոգումներ համայնքի բյուջեի միջոցների հաշվին, այստեղ հիմնովին վերականգնվելու է ասֆալտբետոնյա ծածկույթը: Տեղյակ պահեմ, որ այս տարի քաղաքապետարանն իր սուղ միջոցներից 320 մլն դրամ է հատկացրել մոտ 20 փողոցների փոսային նորոգումների համար”, – փոխանցեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Որը, անդրադառնալով բնակիչների դժգոհություններին, փողոցներում առկա անանցանելիության պատճառով, նշեց. “Ուզում եմ մարզպետարանի, քաղաքապետարանի անունից հայցել մեր ազգաբնակչության ներողամտությունը քաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկության համար ստեղծված անհարմարությունների համար: Մինչև այս էլ քաղաքի փողոցներն ունեին դժվարանցանելիության խնդիրներ` հատկապես ձմեռվանից հետո, ունեին խիստ նորոգման կարիք: Քաղաքականություն վերցվեց գարնան ամիսներին ավարտել փողոցների նորոգման աշխատանքները, ինչպես նաև պետական միջոցներից հատկացված գումարներով արագ ավարտել փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որովհետև հունիսի սկզբից սպասվում են ԱՊՀ երկրներից բազմաթիվ պատվիրակությունների այց Գյումրի քաղաք: Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ օրը մեր քաղաքը հյուրերին ներկայանա բարեկարգ վիճակում: Եվ դրանով է պայմանավորված, որ գրեթե բոլոր փողոցներում շինարարական աշխատանքները սկսվել են միաժամանակ: Բոլոր աշխատանքներն ուզում ենք ավարտել մինչև այս ամսվա վերջ”:
Հարցին, թե արդյոք նման արագությունից չի տուժի ասֆալտապատման որակը, մարզի քաղաքաշինության պատասխանատուն չժխտեց. “Արագության ժամանակ ինչ-որ տեղ որակը կարող է տուժել, բայց բոլոր կազմակերպությունների հետ աշխատում են և’ տեխնիկական հսկողություն իրականացնող կառույցները, և’ հեղինակային հսկողություն իրականացնող, և’ քաղաքաշինական պետական տեսչությունը, նաև մարզպետի և քաղաքապետի կողմից յուրաքանչյուր շինարարական կազմակերպությանը կցված են պատասխանատու աշխատողներ, որոնք վերահսկում են որակը: Որակի առումով խնդիրներ չենք ունենա, որովհետև մենք բոլոր շինարարական կազմակերպություններին հրահանգել ենք, նրանցից պահանջել ենք բոլոր լաբորատոր փորձարկումները, ինչպես նաև կատարած աշխատանքների, շինանյութերի սերտիֆիկատները”:
Ալբերտ Մարգարյանը նաև հայտնում է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերի համար երաշխիքային ժամկետ սահմանվել է մեկ տարին: Այսինքն, մեկ տարվա ընթացքում առաջ եկած ցանկացած թերություն, որն առաջացել է շինարարի մեղքով, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել: Իսկ Գյումրիի քաղաքապետարանը փոսային նորոգումների պայմանագրերը կնքելիս սահմանել է 2 տարի երաշխիքային ժամկետ:
“Երկրորդական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ այս տարի ևս նախատեսված չեն: Մարզպետի հանձնարարությամբ հին ասֆալտ-բիտումի խառնուրդը լցնում ենք երկրորդական փողոցներում, որպեսզի դրանք քիչ թե շատ անցանելի դարձնենք, իրավիճակը կարգավորենք”, – ասում է Մարգարյանը
