Ռուսաստանը օտարերկրյա մարզիկների համար հանել է վիզային ռեժիմը

r1Նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է վիզային ռեժիմը Ռուսաստանում կայանալիք սպորտային իրադարձությունների մասնակից մարզիկների, մարզիչների և անձնակազմի մյուս անդամների համար:

Հաջորդ տարի Ռուսաստանը կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ 2018-ին ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը: Օգոստոսին Մոսկվայում տեղի կունենան  թեթև ատլետիկայի աշխարհի մրցումները:

Պուտինը հրամանը ստորագրել է երեքշաբթի օրը, և նրա խոսքերով՝ այն անհապաղ մտնում է ուժի մեջ:

Առանց վիզայի մուտք ունենալու համար մարզիկները և անձնակազմի մյուս անդամները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և սպորտային միջոցառման կազմակերպիչների կողմից տրամադրված պաշտոնական հավատարմագիր:

Ամերիկացիները, եվրոպացիները և մյուսները Ռուսաստանի վիզա ստանալու համար ստիպված էին լինում դիմել մեկնելուց մի քանի շաբաթ առաջ:

 

Tags: