Ա. Աշոտյան. «Նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները»

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը,  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական լսարաններից մեկն է, որտեղ երբևէ կարելի է հանդիպում ունենալ: Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը` բարձրագույն կրթության ոլորտում և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը: Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: “Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք  գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ,  և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է  պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է:  Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով`  արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր  վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր  ծնողների նկատմամբ:  Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ:  Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք  ապահովում եք ձեր  բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ`  ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված,  և այն նաև իմիջային հարց է: Սակայն  սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել:  Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինք, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն  Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ  ճանապարհ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը,  համառության պարագայում անպայման բացելու են  հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ “,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել:
Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի  ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ  նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: “Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են  ձևական բույթ, որովհետև չունենք պատշաճ  կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ  բերեց միասական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: “Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած  հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է  ներմուծել այդ  ստանդարտները` միաջգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը”,-նշել է նախարարը:
Ուսանողներին հետաքրքրել է նաև 12-ամյա կրթության անցումը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ այս պարագայում ևս կա միջազգային ստանդարտ: Նախարարը վստահեցրել է, որ կրթության ոլորտում կայացված որոշումնեը հիմնականում ճիշտ են եղել, որոշակի խոչընդոտներ առաջացել են` դրանց իրականացման գործընթացում
Նախարարին հարցեր են ուղղվել նաև  բուհերում քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի,  ուսխորհուրդների քաղաքականացված լինելու, վերջին շրջանում բուհերից մեկում ուսանողների մասնակցությամբ արձանագրված տհաճ միջադեպի վերաբերյալ, որոնց կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր դիտարկումները և լուծման ուղիները: Ուսանողներին հետաքրքրել է նաև  նախարարի կարծիքը Ղրիմում կայացած հանրաքվեի և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջնորդվել է միմիայն իր ազգային շահերով: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև բուհերի խոշորացման, նախարարի պաշտոնի, ինչպես նաև արտագաղթի և դրանով պայմանավորված` որակյալ կադրերի արտահոսքի վտանգի հետ կապված:

 

Tags: