Ապրիլի 2-ին «օպերայի» շենքը կլուսավորվի կապույտ լույսով՝ ի նշան աուտիզմով հիվանդների աջակցության

օպերաՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականի ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է՝ բարելավել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը, օգնել վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Ամեն տարի ապրիլի 2-ին աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն  իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում:

Հայաստանում 2012-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: 2014-ի ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամը»  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկազմակերպի քայլարշավ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վազգեն Սարգսյանի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Այնուհետև Ազատության հրապարակում կանցկացվի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն:

Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Llight It Up Blue»  նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Կապույտ լույսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում աուտիզմով տառապող տղաները չորս անգամ շատ են աղջիկներից, ինչը պայմանավորված է գենետիկայով:

«Կապույտ լույս վառենք» նախաձեռնության նպատակն է  գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրի վրա: Տարիների ընթացքում լուսավորվել են Նյու Յորքի Էմփայր Սթրեյթ շենքը, Սիդնեյի Օպերայի թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը, և ապրիլի 2-ի գիշերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:

Միջոցառմանը կմասնակցեն «Աուտիզմի ազգային հիմնադրամը», Երևանի քաղաքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսոցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլք:

Tags: ,