Ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը

բջջայինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին առանց խոչընդոտների անվճար փոխել շարժական կապի իրենց օպերատորին՝ պահպանելով գործող հեռախոսահամարը։ Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն հիմնական դեպքերում տեղափոխումը կկատարվի մեկ օրվա ընթացքում։

«Գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը, այսինքն` դիմում կներկայացվի միայն նախընտրելի օպերատորին։ Տարվա ընթացքում բաժանորդը հնարավորություն կունենա երկու անգամ օգտվել այս ծառայությունից»,-ասաց Սամվել Արաբաջյանը` հավելելով, որ համարի տեղափոխման դեպքում, տվյալ համարին զանգահարող անձը ձայնային ազդանշանի միջոցով կտեղեկանա, որ տվյալ համարը տեղափոխվել է այլ շարժական կապի օպերատորի ցանց։

Անդրադառնալով ծառայության ներդրումից հետո օպերատորների կողմից հնարավոր խարդախություններին՝ Սամվել Արաբաջյանն նշեց, որ այս ուղղությամբ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնելու։

«Փորձը ցույց է տալիս, որ եղել են երկրներ, որտեղ օպերատորները փորձել են գովազդային հոլովակների կամ դեմպինգային գների միջոցով առավելություն ստանալ։ Սակայն մենք ուսումնասիրել ենք այդ իրավիճակները և ուշադիր ենք լինելու»,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ կանոնակարգվել է նաև շարժական կապի խեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը։ Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բաժանորդը կատարել է պայմանագրային պարտավորությունները։ Սակայն կան դեպքեր, երբ  հեռահաղորդակցության սարքերի ապակոդավորումն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Այդ դեպքերի համար ժամկետ է սահմանվել 5 աշխատանքային օր։ Նույն որոշմամբ` այն օպերատորները, որոնք վաճառում են կոդավորված սարքեր, պարտավոր են նույն վաճառքի կետերում առաջարկել նույն սարքերի ոչ կոդավորված տարբերակները, որպեսզի դրանք հասանելի լինեն։

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5 %-ը ապահովված են 1 օպերատորի, 23 %-ը՝ 2 օպերատորի և 68,5 %-ը` 3 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։

Tags: ,