«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է բարեգործական նոր ձեռնարկ` «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»

շիրակԱնցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Մեր կողմից հայտարարված բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից և արտերկրից, այնպես էլ օտարերկրացիներ:

Զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև արտերկրում գործող հայկական բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու ձեռնարկին:

«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ակցիան, այսօրվանից ազդարարում է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկի մեկնարկի մասին: Գյումրու վագոն-տնակներում մեր ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերը գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը և կենսաթոշակները, որը չի բավարարում անգամ ծախսված էներգիայի վճարման և սննդի համար: Կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքներում թերսնվածությունը սովորական երևույթ է:

Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.

“Shirak Center” NGO Gyumri, Furmanov 32 Phone: +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA $– 2472601614240020

AMD – 2472601614240000

Tags: