«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում». Արտեմ Ասատրյան

արտեմ ասատրյանԱյսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում:

«Տարբեր ուսումնասիրություններ են կատարվել հասկանալու համար, թե Հայաստանի համար կենսաթոշակային ինչպիսի՞ համակարգը կարող է արդյունավետ լինել, քանի որ ներկայիս համակարգը չէր կարողանում ապահովել այն երկու խնդիրները, որոնք           պետք է կարգավորվեն կենսաթոշակի միջոցով, և ընտրվել է հենց այս մոդելը, որով մենք երկրի սոցիալական պաշտպանության մոդել ենք ստեղծում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով` կենսաթոշակը հիմնական երկու կարևորագույն խնդիր է լուծում՝ թոշակ ստացողը պետք է աղքատ չլինի և աշխատող քաղաքացին, ով անցել է թոշակի, պետք է ստանա արժանավայել փոխհատուցում: Իսկ ներկայիս կենսաթոշակային համակարգն այս երկու խնդիրը չի լուծում, ուստի անհրաժեշտ է ունենալ մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել դրանք:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական Դատարան են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին և շարունակվում է այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին և պատասխանող կողմին: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին:

Tags: ,