«Կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ մեր հիմնավորումներին հակափաստարկ, ըստ էության, չնշվեց». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան,Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ իրենց բոլոր հիմնավորումներին հակափաստարկ, ըստ էության, չնշվեց, որևէ փաստարկ, որը կառարկեր թե’ սեփականության իրավունքին, թե’ խտրականության նորմերին, թե’ սերունդների համերաշխության սահմանադրական սկզբունքներին և արժեհամակարգին:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սոցիալական ապահովության, ապահովագրության և աջակցության համակարգերին, որոնք սերտորեն առնչվում են կուտակային համակարգի հետ: Վերջինիս խոսքով` բացարձակ ընդունելի փաստարկ չէ այն, որ քանի որ տեղի է ունեցել սոցիալական ապահովության համակարգի հիմնարար փոփոխություն, սոցիալական ապահովության վճարն այլևս պետք է մուտք լիներ միայն պետական բյուջե, և այն այլևս ապահովագրման համակարգ չէ:

«Սա բացարձակապես ընդունելի փաստարկ չէ պարզ պատճառով. ապահովագրությունը սոցիալական պահովության այլ սխեմաներից տարբերվում է գերազանցապես նրանով, որ ապահովագրության ժամանակ կա մասնակցային ընթացակարգ, ինչ-որ բանով է պայմանավորված ապահովագրության համակարգը: Այս դեպքում անձի աշխատանքով ապահովելն է այդ անհրաժեշտ պայմանը, որի հիման վրա կձևավորվի սոցիալական ապահովության վճարը կամ ապահովագրության վճարը:

Տարբերությունն այն է, որ այս դեպքում, եթե այդ գումարները մուտք են լինում պետբյուջե, պատասխանատուն դառնում է պետությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ սոցիալական վճարի և եկամտային հարկի միավորումը ներկայացնել որպես տեխնիկական միավորում, իրենց համար ևս ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ դրանց հարկման կամ գանձման բազաները տարբեր են և 2013-ին գործողության մեջ մտած եկամտային հարկի միասնական դրույքաչափի բազան նայելիս` պարզ է դառնում, որ սա էականորեն տարբերվում է սոցիալական ապահովագրության վճարներց:

«Ներկայացնել, որ այդ երկուսը տեխնիկական հարց են լուծում, այդպես չէ, որվհետև եկամտային հարկը նվազագույնը 24.4 %-ով այժմ գանձվում է բոլոր տիպի եկամուտներից, բացառությամբ օրենքով նախատեսված առանձին եկամուտների, որոնք նվազեցվող հարկադրույքով են գանձվում: Այս տեսանկյունից պետք է փաստել, որ միասնական եկամտային հարկի գաղափարը փաստացի կանգնեցրել է երկիրը սոցիալական պետության փաստի առաջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Tags: ,