Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:
2014 թվականի մարտ ամսվա 5 կորուստներից 4-ը մարտական են, իսկ մյուսը՝ ավտովթարի հետևանք:
4 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող:
ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մարտի 19-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը: Հաջորդ օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արման Ղուկասյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայություն մեդալով։
-Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի՝ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1992-ին ծնվածզինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը: Ռազմինֆոյի ունեցած տվյալներով զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
- Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում Պաշտպանության բանակի Մարտունու ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Ինչպես Ռազմինֆոն է տեղեկացնում՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
-Մարտի 31-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1987 թվականի ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
Ավտովթար
Մարտի 8-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա Եսայի Վարուժանի Եսայանը:
Միջադեպը չի քննվում պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում:
Վիրավորներ
Հայկական զինուժը 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում ունի հայտարարված2 վիրավոր:
-ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գոռ Հ-ն զենքը մաքրելիս պատահմամբ վնասել է ինքն իրեն։ Գոռ Հ.-ն ստացել է ձախ ազդրի ու սրունքի փափուկ հյուսվածքների միջանցիկ վիրավորում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի առաջին մասով: Այն է` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:
-Մարտի 19-ին Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր սպա Վարազդատ Զաքարյանը: Վիրավորված սպայի վիճակը Ստեփանակերտի հոսպիտալում գնահատում են նորմալ:
Նշենք, որ սպան հրազենային երկու վիրավորում ունի՝ զույգ ազդրերի ու սրունքի սահմաններում։ Վերքից գնդակը հանելու համար վիրահատական միջամտություն է կատարվել, որից հետո Զաքարյանին տեղափոխել են հիվանդասենյակ։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվաժի 3-րդ մասով: Այն է` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Իսկ փետրվարի 1-28-ը` 1 զոհ: Այսպիսով, այս տարի հայկական զինուժը կորցրել է 10 զինծառայող։
***
Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։
Եթե համեմատենք 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն նվազել է գրեթե կեսով։
2014-ի մարտի 4 զոհերից Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է միայն 2-ը։ 4 զոհերից1-ն ադրբեջանական կողմի բնորոշմամբ մարտական է. մարտի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ի վարկածով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլուն սպանվել էր «հայկական գնդակից»։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։
3 ոչ մարտական կորուստներից մեկը գրանցվել է մարտի 17-ին ՃՏՊ-ի հետևանքով՝ Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհին։
Մյուս կորուստը վերաբերում է մարտի 22-ին Զագաթալայի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Քերիմով Ալիսահիբ Ալիբաքաթ օղլուի՝ ինքնասպան լինելու միջադեպին։ Բուժզննման արդյունքում պարզվել էր՝ զինծառայողը մկնդեղ էր ընդունել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի մեկնաբանել միջադեպը։
Մյուս ոչ մարտական կորուստը 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն է, որն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից։ Ադրբեջանի ՊՆ-ն նախնական վարկածներ չի առաջադրել. այսինքն պարզ չէ՝ զինծառայողն ինքնասպան է եղել, թե ինքն իրեն կրակել է անզգուշության հետևանքով։
Ընդհանուր առմամբ արձանագրվել է վիրավորման 8 դեպք, որից 1-ը՝ մարտական,1-ը՝ ականի պայթյունից, ըստ այդմ էլ՝ 6-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Մարտական պայմաններում վիրավորված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ. Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Հայտնի է միայն, որ մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ոտքին՝ ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից»։
Ականի վրա պայթյունն արձանագրվել է մարտի 7-ին Նախիջևանում, երբ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ականի վրա պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայողը։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել դեպքը։
Այսպես, մարտի 1-ին 20-ամյա Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլիի ձեռքում պայթել է հակահետևակային ականի բռնկիչը, իսկ մարտի 10-ին մեկ այլ զինծառայողի ձեռքում փամփուշտ է պայթել։
Ոչ մարտական պայմաններում 2 վիրավորվածների դեպքերի նախնական վարկածներ առաջ չեն քաշվել. մեկի վիրավորման պատճառը կամ զինծառայողների միջև վեճն է կամ էլ զենքի հետ անզգույշ վարմունքը, մյուսինը՝ կրկին զենքի հետ անզգույշ վարմունքը կամ ինքնասպանության փորձը։
Հաշվի առնելով մարտին հայտարարված 4 զոհերն ու 8 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 16 զոհի, 26 վիրավորի մասին: Նշված 12 զոհերից 5-ն ադրբեջանական կողմի վարկածով՝ մարտական են՝ «հայկական գնդակից»:
Tags: ավտովթար, զինված ուժեր, զոհ, վիրավոր
