“Դեռ Քեսաբում մոտ 30-40 մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է, պարզ չէ, նրանք կենդանի են մնացել, թե ոչ”. քեսաբահայ եղբայրներ

ՔեսաբՄարտի 21-ի առավոտյան բոլոր քեսաբահայերն արթնացան զենքերի ձայներից, որոնք տարածվել էին Քեսաբում և Սիրիայում, որովհետև առաջին անգամն էր, որ նման ուժեղ զինամթերք էր օգտագործվում: Քեսաբի ինքնապաշտպանական զորքը տեղյակ պահեց ժողովուրդին, որպեսզի տեղափոխվեն այլ բնակավայր: Բայց տեսնելով, որ հանդարտվելու հույս չկա, քեսաբցիներն ապաստան գտան Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Քեսաբի դեպքերը` ասացին քեսաբահայ եղբայրներ Սերժ և Արամ Քալուկյանները:

Նրանց խոսքով` Քեսաբում մարտերը մինչ օրս շարունակվում են: Հիմա կառավարության և բանակի կողմից մեծ ջանքեր են գործադրվում Քեսաբը ետ վերադարձնելու ուղղությամբ:

“Վերջին տվյալներով` բանակն ուժեղ հակահարված է հասցրել զինյալներին, որոնք թուրքական բանակի օգնությամբ ներխուժել էին Քեսաբ և այն խլել մեզանից: Սուրբ Աստվածածին եկեցեում 670 ապաստանած ընտանիք կար, որոնց այս մեկ շաբաթվա ընթացքում ապրելու տեղ են տվել, բավարարել են նրանց պահանջները: Դեռ Քեսաբում մոտ 30-40 մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է, պարզ չէ, նրանք կենդանի են մնացել, թե ոչ”,- ասաց Սերժ Քալուկյանը:

Անդրադառնալով համացանցում տարածված վերջին լուսանկարներն ու տեսահոլովակներին` Սերժ Քալուկյանը նշեց, որ այդ կադրերը Քեսաբից չեն, դրանք հավանաբար եղել են Սիրիայի տարածքներում, բայց ոչ Քեսաբում:

“Մարտի 21-ի առավոտյան որքան հնարավոր է բնակչությանը տեղահանեցին, որպեսզի խուսափեն երկրորդ ջարդից: Եղել է մեկ-երկու վիրավոր, բայց ջարդեր չեն եղել: Կան միայն մի քանի նկարներ, թե ինչպես են տներ այրվում: Կեղծ լուրերի տարածումը մեծապես վնասում է քեսաբցիներին”,- ասաց Սերժ Քալուկյանը` հուսալով, որ կկարողանան Քեսաբը ետ վերադարձնել ու դարձյալ այնտեղ բնակվել:

 Անկախ

Tags: ,