Թուրքագետը չի բացառում, որ Քեսաբի դեպքերը ուղղակիորեն կապված են Ղրիմի հարցի հետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Քեսաբում տիրող իրավիճակից` չբացառեց այն, որ Քեսաբի դեպքերը ուղղակիորեն կապված են Ղրիմի հարցի հետ, որով Արևմուտքը աջակցեց Թուրքիային` ի պատասխան Ռուսաստանի:

“Իհարկե, “Save Qessab”-ի ստեղծումը, որը շատ արագ թրենդային դարձավ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հաագայում, Հայ դատի հանձնախմբերի բուռն աշխատանքը, հայ պատգամավորների ճիշտ ժամանակին այցը Լաթաքիա և այլ գործողություններ նպաստավոր եղան: Ինձ միայն մտահոգում է այն փաստը, որ համացանցում շատ արագ տարածում գտան երկու տարվա վաղեմության Հալեպում սպանդի տեսանյութերը` ներկայացվելով որպես Քեսաբում դաժան սպանություններ: Այդ տեսանյութերը դրամատիզմ հաղորդեցին Քեսաբի դեպքերին, բայց բացասական էին այն իմաստով, որ թուրքերն այսօր օգտագործում են այդ փաստը և ասում, որ հայերը կեղծ տեսանյութեր են տարածում, ինչպե՞ս համոզված լինենք, որ առաջին աշխարհամարտի տարիներին արված լուսանկարները ևս կեղծ չեն` այսպիսով կեղծիքի շղարշ նետելով Հայոց ցեղասպանության իրողության վրա”,-ասաց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին:

Սիրիական զորքերն արդեն սկսել են գրոհայիններից Քեսաբի ազատագրման գործողությունները: Քաղաքի մերձակայքում բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվական գործակալությունները, նախաձեռնությունն արդեն ամբողջովին անցել է կառավարական ուժերի ձեռքը:

Անկախ

Tags: , , ,