Օրերս Սիրիա մեկնած Ազգային ժողովի պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեցին իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայերի օգնության համար փաթեթային աջակցության ծրագիր մշակել ու յուրաքանչյուր սցենարի դեպքում գործել ըստ կարիքների:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջնայինը ֆինանսական միջոցներով նրանց ապահովելն է:
“Այս պահին առաջնային աջակցությունը կարող է լինել ֆինանսական օգնությունը: Լաթաքիան ակտիվ գործող քաղաք է, այնտեղ կյանքը նորմալ ընթացքի մեջ է, և մարդիկ, եթե գումար ունենան, կարող են ամեն ինչ ձեռք բերել: Այս պահին կան գործող հիմնադրամներ, կարծում եմ առաջիկայում կլինի հայտարարություն նոր հիմնադրամների ստեղծման մասին, որոնք դրամահավաք կիրականացնեն և Բեյրութի ճանապարհով օգնությունը մեր հայրենակիցներին կտրամադրեն”,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի տեղեկացմամբ` մոտ 320 հայ ընտանիք օգտվում է սնունդից, առաջնային անհրաժեշտության պարագաներ է ստանում Լաթաքիայի հայկական եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի “աջակցությամբ” վտարված քեսաբահայության հետ, ծանոթացել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:
Tags: աժ, Էդմոն Մարուքյան, Սիրիա, քեսաբահայեր