ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վեց պատգամավորների այցին Քեսաբ՝ նշեց, որ, իր կարծիքով, այդքան էլ անհատական չէր նրանց այցը Քեսաբ:
<<Ես մի լավ բան եմ տեսնում, ինչը 1990-ականներից այս կողմ վատ է եղել: Խոսքը համակարգված խորհրդարանական գործունեության մասին է, որն այս տարիների ժամանակ չի եղել: Իսկ այսօր ամեն մեկն իր դերն ունի: Ես կարծում եմ, որ մեր պատգամավորները ճիշտ գործեցին>>,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Քեսաբի հարցում ԱԳՆ չեզոք դիրքորաշմանը, Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ Ղրիմի հարցում շատ հայհոյանքներ հնչեցին ՌԴ ԱԳՆ նախարարի հասցեին, բայց փորձը ցույց տվեց, որ ՌԴ ԱԳՆ դիվանագիտությունը ճիշտ օգտագործվեց:
<<Արդյո՞ք Սիրիայի ներքին գործերին մեր պետական ապարատը պիտի խառնվեր: Ես կարծում եմ, որ մեր պետական դիվանագիտությունը խառնվելով կամ միջամտելով, ավելի կվնասեր: Բոլոր դեպքերում ավելի ճիշտ է չեզոքություն պահպանելը: Չպետք է մոռանալ, որ կարող է լինել ուժերի իշխանափոխություն>>,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ իր կարծիքով, ԱԳՆ-ն այս հարցում թևերը ծալած չի նստել:
Tags: Լեռնիկ Ալեքսանյան, ՀՀԿ