Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան:
Միաժամանակ ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը և սեփականության իրավունքի սահմանափակումներ են պարունակում:
ՍԴ նախագահը նշեց, որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չհակասեն նրան: Գագիկ Հարությունյանի խոսքով` ՀՀ սահմանադրության մեջ թոշակ եզրույթն ամրագրված չէ, սակայն ամրագրված են սոցիալական իրավունքի հիմնադրույթները:
«Էականն այն է, որ իրեն սոցիալական հռչակած պետությունը հստակ ճանաչում է իր սոցիալական պարտավորությունները: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքով, միջազգային պարտավորություն է ստանձնել ճանաչել յուրաքանչյուրի սոցիալական իրավունքը: 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Ներդրման ձևերն են կարևոր, և պետք չէ մեխանիկորեն փոխառել այլ երկրների փորձերը, առավել ևս, երբ այլ երկրներում շտկումներ են կատարվել»,- ասաց ՍԴ նախագահը: Նա նշեց, որ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ թոշակային սահմանումները ձևավորվում են ոչ թե սոցիալական վճարներից, այլ հանվում են աշխատավարձերից:
Ապա Գագիկ Հարությունյանը հայտնեց որոշումը, ըստ որի, գրեթե ամբողջությամբ բավարարել է հայցը:
Նշենք, որ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը ներկայացրել էին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը, որոնք եզրափակիչ ելույթով են հանդես եկել:
Գործի շրջանակներում որպես պատասխանող էին հանդես գալիս Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Tags: Կուտակային կենսաթոշակների մասին օրենք, ՍԴ