Հոլանդիայում ապրիլի 24-ին տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը

հուշահամալիր ալմելոյումԱպրիլի 24-ին Հոլանդիայի հայաշատ  Ալմելո քաղաքում տեղի կունենա 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ծրագրի հեղինակ, բարերար Քրիստիան Գելիջին:

Հուշայամալիրի կառուցումը սկսվել է 2013 թվականին: Գաղափարի հեղինակը Քրիստիան Գելիջիի հայրն է, ում պապերը զոհվել են Սասունում ինքնապաշտպանության մարտեր մղելուց հետո, երբ թուրք զինվորները, խոստանալով այլևս զենք չկիրառել, նրանց ստիպել են զինաթափվել, ապա բոլորին գնդակահարել են:

Հուշահամալիրը իր տեսակով եզակի է, քանի որ առաջինն է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց  տուֆից խաչքարերը պատրաստվել են  Հայաստանում` Վանաձորում : Դրանց հեղինակը  քանդակագործ Սերգեյ Դանիելյանն է:

§Մեզ համար շատ կարևոր է, որ նման կառույց լինի Հայաստանից դուրս: Հայաստանում բոլորը կարծում են, թե Սփյուռքում բոլոր հայերը ֆինանսապես հզոր են, բայց դա այդպես չէ: Կան հայեր, ովքեր մինչև իրենց կյանքի վերջ հնարավորություն չեն ունենում այցելելու Հայաստան: Շատ հայեր ասիմիլացվում են: Հույս ունեմ, որ այս համալիրը կօգնի հիշեցնել, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ և ինչու են նրանք սփռվել աշխարհով մեկ¦,-ասաց Քրիստիան Գելինջին:

Ալմելոն ունի 70 հազար բնակիչ, որից վեց հազարը հայեր են: Սակայն համալիրի բացումը կարևոր է ոչ միայն Հոլանդիայի հայկական համայնքի, այլև եվրոպական երկրներում հայտնված հայերի համար:

Կառույցի նախաձեռնողը նշում է նաև, որ իրենք փափագում էին աշխատանքերը վերջացնել մինչև Մեծ Եղեռնի 100-ամյակը, որպեսզի այդպիսով օգնեն այն խմբերին, ովքեր աշխատում են մինչև այդ տարելիցը աշխարհին իրազեկելու Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործության մասին. «Անցյալը մեծ ուժ պետք է տա, որովհետև մեր պապերը ամեն ինչ արել են իրենց հավատը պահպանելու, հայ մնալու համար: Սա պայքարի առիթ պետք է լինի, ոչ թե տխրության: Մենք փոքրիկ Հայաստան ունենք և պետք է ամեն ինչ անենք այն հզորացնելու համար»:

Քրիստիան Գելինջին հայտնեց , որ նախատեսվում է ստեղծել համալիրին կից թանգարան, որտեղ կպահվեն ցեղասպանությունից մազապուրծ եղած,  Ալմելոյում ու եվրոպական այլ քաղաքներում ապաստան  գտած հայերի թողած մասունքները:

«Անկախ»-ի  հարցին, թե արդյոք նախագիծը իրականցնելիս խոչընդոտների հանդիպել է Թուրքիայի կամ Ալմելոյի թուրքական համայնքի կողմից,  Քրիստիան Գելինջին նշեց. « Ոչ մի խոչընդոտ չի եղել Թուրքիայի կողմից: Երևի լավ հոլանդերեն կարդալ չգիտեն: Փառք Աստծո, նրանք հավանաբար ոչինչ չեն իմացել հուշահամալիրի կառուցման մասին»:

 

Լուսինե Ոսկանյան

Անկախ

Tags: , ,