Քեսաբի դեպքերը ցեղասպանություն որակելով նվազեցնում ենք 1915-ի իրադարձությունների ուժը

Արմեն Պետրոսյան Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` «Քեսաբ. վերջին զարգացումները, ո՞րն է իրականությունը» թեմայով: Բանախոսներն էին արաբագետ Արմեն Պետրոսյանն ու թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Մամլո ասուլիսի սկզբում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ վերջին օրերին վիճակը  չի փոխվել, զինյալների և կառավարական բանակի միջև շարունակվում են բախումները Քեսաբի և հարակից շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար և իրավիճակային էական փոփոխություններ չկան:

«Այս հարցը վերջին օրերին լայն հնչեղություն ստացավ, բայց նաև գործ  ունեցանք տարբեր տեղեկատվական հոսքերի, այդ թվում` ապատեղեկատվության հետ, և հայերի կոտորածների մասին տարբեր տեսահոլովակները չէին համապատասխանում իրականությանը, նման փաստերը բացակայում են»,- նշեց Լևոն Հովսեփյանը:

Իսկ արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ ճիշտ կլինի դիտարկել  կողմերի նպատակները և այս համատեքստում խոսել հնարավոր զարգացումների մասին:

Նրա խոսքով`  Լաթաքիան և  Քեսաբը թե  Թուրքիայի և թե  Սիրիայի համար ռազմավարական նշանակություն ունեն,  հատկապես Սիրական վարչակարգի համար, քանի որ ալավիտներով բնակեցված նահանգ է,  այս ուղղությանն է պատկանում նաև Ասադը:

«Սա սկզբունքային կարևորություն ունի, քանի որ Սիրիական բանակը և նրան աջակցող արտաքին ուժերը, մասնավորապես` Հեզբոլլահը և Իրանը,  բոլոր միջոցները ձեռնարկելու են նահանգի անվտանգությունն ապահովելու համար: Կա արդեն տեղեկատվություն, որ ստրաբաժանումները, որոնք մինչ այդ հաջողությունների էին հասել երկրի  հարավում և հարավ-արևմուտքում, տեղափոխվել են դեպի Քեսաբի շրջան, և պատրաստ է վերջնական գրոհը»,- ասում է Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյանը նշեց նաև, որ Թուրքիայի համար Քեսաբի շրջանը ևս կարևոր է Սիրիա-թուրքական սահմանի ամբողջ երկայնքը վերահսկելու համար: Քեսաբը նաև սահմանի այն հատվածն էր, որ շարունակում էր մնալ սիրիական կողմի վերահսկողության տակ, այսինքն` Քեսաբի դեպքերն  ուղղված էին շփոթության մեջ գցելու սիրիական իշխանությանը` մի կողմից, մյուս կողմից`  ուկրաինական զարգացումներում ներգրավված արտաքին հիմնական խաղացողները չէին խանգարի, որ  տարածաշրջանային ուժերը` ի դեմս Թուրքիայի, իրենց միջոցներով  շեղեն Սիրիայում ռազմական հավասարակշռությունը:

Բանախոսները համաձայնեցին, որ գործ ունենք մեծ տեղեկատվական պատերազմի հետ. յուրաքանչյուրն ունի իր նպատակները և տեղեկատվական տիրույթում ցանկանում է իր համար նպաստավոր ֆոն ստեղծել. ռուսական կողմից սա ուղղված է Արևմուտքին ցույց տալու, որ հենց նման ուժերին է աջակցում Արևմուտքը` ի հակակշիռ Ղրիմի, քանի որ նույն անեքսիայի, արտաքին միջամտության մեջ մեղադրում էին նաև Ռուսաստանին, իսկ հայերի հետ կապված, քանի որ Քեսաբը մեծամասամբ հայաբնակ է, պարզ է, որ թիրախում պետք է դրվի հայկական գործոնը:

«Անկախ»-ի  հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողություններն  իր ռազմավարական նպատակների իրականացմանն էին ուղղված,  օգտվելով առիթից`լուծելու քեսաբահայերի տեղահանման հարցը, թե խթանվում էր Արևմուտքից` ըննդեմ Սիրիայի գործընկեր Ռուսաստանի, Լևոն Հովսեփյանը նշեց, որ երկու հարթությունում է պետք դիտարկել. նախ ուկրաինական ճգնաժամի հետ կապված աշխուժացում էր պետք Սիրիայում և թուրքական գործոնը առաջնայինը պետք է լիներ, մյուս  կողմից` ուղղված էր Թուրքիայի` ոչ միայն տարածքային հավակնություններին, այլև  հյուսիսը վերահսկելու նպատակին: Այսինքն կա և՛  արտաքին կողմը, և՛  Թուրքիայի հավակնությունները:

Իսկ Արմեն Պետրոսյանը նշեց, որ գործողությունները որպես ցեղասպանություն  որակելով` մենք նվազեցնում ենք 1915թ-ի իրադարձությունների, փաստերի ուժը: Իսկ տեսահոլովակները, ըստ նրա, նկարահանվել են ոչ թե Քեսաբում, այլ Հալեպում` բանտի մոտակայքում` Քինդի հոսպիտալի շրջակայքում, որը ռազմավարական նշանակություն ունի:  Պետրոսյանի  ենթադրությամբ հոլովակը նկարահանվել է մարտին և տեսահովակում հոսպիտալը պաշտպանող զինյալներն են. «Ամեն դեպքում, անխախ ամեն ինչից` սա անմարդկային սպանդ է, որը պետք է դատապարտել»:

 

Անկախ

Tags: , , , ,