ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ և՛ Սահմանադրության, և՛ ԱԺ կանոնակարգի օրենքով նախատեսված գործառույթ են իրականացնում ոչ իշխանական չորս ուժերը:
Նրա խոսքով`ՀՀԿ-ն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում: Իսկ թե ինչպե՞ս կներկայացնեն այդ ուժերը Կառավարությանն անվստահության հարցը, դրան բոլորը ականատես կլինեն ապրիլի 28-ին: Ըստ Արտակ Դավթյանի` դժվար է կախատեսել, թե մինչ այդ ի՞նչ գործընթացներ կլինեն, հավանականություն կա, որ նման հարց կարող է և չներկայացվել: Արտակ Դավթյանը կողմ է բովանդակային քննարկումներին և ուշիուշով սպասելու է այն այլընտրանքային ծրագրին, որը կներկայացվի չորս ոչ իշխանական ուժերի կողմից:
«Այն, որ ՀՀԿ-ն վախեցած է ոչ իշխանական քառյակի եռօրյա հավաքից, ավելի շուտ ՀԱԿ-ի մեր գործընկերների բառապաշարն է: ՀԱԿ-ի բառապաշարը երբեք էլ չի փոխվել: Նրանք հերթական անգամ ամպագորգոռ արտահայտություններ են անում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին՝ հնավարո՞ր է, որ արիլի 28-ին ՀՀԿ մի թևը կողմ քվեարկի Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշմանը` հաշվի առնելով, որ պտտվող լուրերի համաձայն, ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել,Արտակ Դավթյանը պատասխանեց. «Թևերի բաժաման մասին խոսելն անհեռանկարային զբաղմունք է, որովհետև այդ թևեր ասվածը գոյություն չունի: ՀՀԿ-ն մեկ ամբողջական թիմ է և ունի մեկ ղեկավար, իսկ եզրակացություն անել այն մասին, թե այս կամ այն թևերն ի՞նչ կանեն, անիմաստ է»:
Tags: Արտակ Դավթյան