Մենք Թուրքիային տալիս ենք գումար, որ պատրաստեն փամփուշտներ մեզ սպանելու համար. ահազանգում են տուրիզմի մասնագետները

թուրքիաՀայաստանից արտագնա տուրիզմի ամենամեծ մասը բաժին է հասնում Թուրքիային ու Վրաստանին. ահազանգում են տուրիզմի ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ Մարսել Եղիազարյանը, Անի Մանեսյանը և Գրետա Գուրգենյանը : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք կոչ արեցին հայկական տուրիստական կազմակերպություններին վերջ տալ Թուրքիայի տնտեսությունը զարգացնելուն և փորձել զարգացնել ներգնա տուրիզմը:

«Տարիներ շարունակ, Թուրքիա տուրիստներ ուղարկելով, մենք նրանց տալիս ենք գումար, որից իրենք պատրաստում են փամփուշտներ մեզ սպանելու համար: Մենք՝ մի շարք տուրիստական ընկերություններ, համատեղ կոչով ենք հանդես գալիս և ունենք նպատակ՝ չուղարկել տուրիստներ Թուրքիա», – իր խոսքում նշեց  Մարսել Եղիազարյանը: Անի Ասլանյանը տեղեկացրեց, որ Քեսաբի վերջին դեպքերից հետո  «Կան» տուրը պաշտոնապես խզել է իր հարաբերությունը թուրքական հանգստավայրերի հետ և այլևս չի իրականացնելու դեպի Թուրքիա տուրեր, դրա փոխարեն «Կան»-տուրը իրականացնելու է ներգնա զբոսաշրջության խթանման ծրագրեր:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե տարիներ առաջ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև ՀԿ-ները, բայց նախաձեռնությունը կյանքի չէր կոչվել,  Մարսել Եղիազարյանը նշեց, որ  այստեղ խնդիրը միայն տուրիստական ընկերություններինը չէ, մեծ նշանակություն ունեն նաև ԶԼՄ-ները, որովհետև տուրստական սեզոնի բացման օրվանից նրանք ամեն օր գովազդվում են դեպի Անթալիա տուրերը:

Tags: ,