Այս տարի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին

Ergogh_HayastanՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և Հայ փոքրիկ երգիչներ միջազգային  ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ ս. թ.  ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին:

Մրցույթի իրականացման հարցում իրենց գործուն մասնակցությունն են բերել նաև ՀՀ մարզպետարաններն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունը:

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն  անցկացվում է 2001 թվականից՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների մանկապատանեկան երգչախմբերի մասնակցությամբ: Մրցույթը տարեցտարի համալրվում է նոր մասնակիցներով, որոնց կեսից ավելին ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից են /2007 թ.` 76, 2008 թ.` 110, 2009 թ.` 110, 2011 թ.` 73, 2013թ.՝ 81 մասնակից/:

Մրցույթի շրջանակներում շուրջ 50 մանկական երգչախմբերի համար գրվել և կատարվել են խմբերգեր: Ստեղծագործությունները տպագրվել են «Մանկական խմբերգեր» ժողովածուում և տրամադրվել Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի մանկապատանեկան երգչախմբերին: 2012-2013 թթ. «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի շրջանակներում, առաջին անգամ, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետության ճանաչված և արհեստավարժ խմբավարներն անցկացրել են մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներ, որի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 200 խմբավար:

Կոմիտասի 145-ամյակին նվիրված «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 77 հայտ: Մրցույթն անցկացվում է երկու փուլով և 2 կարգով. կարգ Ա /49 հայտ/ – Երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր, կարգ Բ /28 հայտ/ – հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:

Մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014 թ. ապրիլի 5-15-ը, երկրորդ փուլը՝ 2014 թ. ապրիլի  26-ին և  27-ին: Գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թ. մայիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մրցույթի Ա և Բ կարգերում նախատեսվում են առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ, ինչպես նաև սահմանվում են խրախուսական մրցանակներ՝ լավագույն խմբավար, լավագույն կոնցերտմայստեր, պարտադիր ստեղծագործության /երեք անվանակարգերի/ լավագույն կատարման համար:

Մրցույթը պատշաճ համակարգելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, կազմկոմիտե և մրցույթային հանձնաժողով:

Ս.  թ. ապրիլի 2-ին, ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին նվիրված  մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, «Երգող Հայաստան» մրցույթի գեղարվեստական խորհրդի և ժյուրիի նախագահ /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն/ Տիգրան Հեքեքյանը, «Երգող Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր/ Դավիթ Ղազարյանը, «Երգող Հայաստան» մրցույթի ժյուրիի անդամ /ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ/ Արմինե Ղազարյանը:

 

Tags: