Տարածվող կեղծ լուրերը վտանգավոր են

Samvel MartirosyanՄարտի վերջին համացանցը, հատկապես` սոցցանցերը ողողված են Քեսաբում ապրող քրիստոնյաների, մասնավորապես` հայերի վտանգված կյանքի մասին արյունալի և սարսափազդու նյութերով: Այդ առիթով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ շատ արագ տարածվող կեղծ տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերը կարող են բացասական հետևանք ունենալ թե՛ Հայաստանի քաղաքականության, թե՛ հայերի համար: Սովորական քաղաքացիների արարքն ինչ-որ չափով կարելի է հասկանալ, բայց խմբագրությունները չեն էլ ստուգում այդ լուրերի իսկությունը:
Տարբեր աղբյուրների համաձայն` մարտի 21-ի առավոտյան սիրիացի ապստամբները Թուրքիայի կողմից ներխուժել են Քեսաբ, տեղի հայերն էլ լքել են բնակավայրերն ու տեղափոխվել Լաթաքիա: Ներկա պահին աշխարհը հետևում է Սիրիայի, մանավանդ Քեսաբի իրադարձությունների զարգացմանը, իսկ տվյալ ներխուժման դեպքից հետո #SaveKessab տեղեկատվական արշավին միացել են շատ հայտնի դեմքեր: Օրինակ՝ ամերիկյան շոու բիզնեսի նշանավոր դեմք Քիմ Քարդաշյանը, որ գրառում է կատարել Twitter-ում, հայտնի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը, Շերիլին Սարգսյանը (Շերը), իսկ ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանն իր Twitter-յան էջում գրել է, որ 1915 թ. Ցեղասպանության և Քեսաբում հայազգի զոհերի մասին իրականությանը չհամապատասխանող լուրերի միջև հավասարության նշան է դրվում: Բայց միջազգային կառույցը «բերանը ջուր առած» լռում ու լռում է:
Սարսափ առաջացնող զանգվածային գնդակահարության տեսարանները, որոնք Քեսաբի հետ ոչ մի կապ չունեն, կեղծ են, դրանք տարածել է ռուսական LifeNews-ը (սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել է մինչև Քեսաբի գրավումը՝ մարտի 20-ին): Հայ մասնագետները հավատացնում են, որ Քեսաբից դեռ հնարավոր չէ օբյեկտիվ, հավաստի և լիարժեք տեղեկություններ ստանալ, իսկ հայ զոհերի մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
«Քեսաբի վերաբերյալ կեղծ տեսանյութեր տարածելը և Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը հանգեցնելու է հետևյալին․ թուրքերը մի քանի օրից ասելու են, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, այն, ինչ արել են 15 թվականի վերաբերյալ», – բացատրում է մեդիափորձագետ Ս. Մարտիրոսյանը։ Բայց և շեշտել է, որ թյուր կարծիք չձևավորվի, թե Քեսաբի դեպքերը չի համարում ողբերգական։ «Հենց քեսաբցիների համար է պետք միայն ճշգրիտ տեղեկատվություն։ Թուրքերին պատասխանատվության կանչելու համար պետք է զգոն լինենք», – հավելել է փորձագետը: Որոշ հայ մասնագետներ էլ են վստահեցնում, որ պետք է շարունակել արձագանքել այդ ոգով: Իսկ ներկա պահին քեսաբաբնակ հայերին պետք է աջակցել գումարով և սննդով, որոնք կուղարկվեն աջակցող հայկական կառույցների միջոցով:

Tags: , ,