Գործադիրը ջանքեր է գործադրում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար 2014-ին կանցկացվեն ՏՏ ոլորտի ավանդական միջոցառումները

կառավարությունՀայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև «Մաքուր տեխնոլոգիաներ Հայաստանի ՓՄՁ-ների համար» ծրագրին, որի նպատակն է ընտրված ՓՄՁ-ներում խթանել մաքուր տեխնոլոգիաների նորարարության ձեռնարկատիրության զարգացումը, ՓՄՁ-ների ներուժը առավելագույնի հասցնելու համար հզորացնել ազգային քաղաքականությունը և ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել ազգային հարթակ, գործնականում կիրառել մաքուր տեխնոլոգիաների «էկոհամակարգը» և այլն: Ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները: Ծրագիրն իրականացվելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր», Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամների հետ՝ ներգրավելով հիմնական գործընկերներին, որոնք են ՓՄՁ-ները, գործարար միությունները, համալսարանները, փորձագետները և գիտահետազոտական հաստատությունները:

Գործադիրն հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 45 մլն դրամ: Կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները:

Tags: ,