Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երկրի պատմության մեջ ամենաճակատագրական և սկզբունքային դերն ունեցան:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Սա առաջին անգամ էր, երբ Թուրքիայում մոնոլիտ իշխանությունը ճեղքեր տվեց: Էրդողանը մեծ հաղթանակ տարավ: Նա այսօր արդեն հավակնում է նախագահի պաշտոնին և կարող է դառնալ երկրորդ Աթաթուրք. նա կարողացավ երկրի ներսում հաղթել զինվորականներին: Արտաքին կյանքում ևս հաղթող դուրս եկավ», ասաց թուրքագետը:
Հիշեցնենք, որ կիրակի` մարտի 30-ին, Թուրքիայում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 88.7 տոկոսը կամ 46,7 մլն մարդ։ Ընտրողների 45.4 տոկոսն իր ձայնը տվել է իշխող չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 27.8 տոկոսը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 15.2 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, 6.4 տոկոսը՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը։
Այս տարի օգոստոսին Թուրքիայում տեղի կունենան նախագահական, իսկ հաջորդ տարի արդեն խորհրդարանական ընտրությունները: Թուրքագետը գտնում է, որ քեմալիստներն ու ազգայնամոլները միշտ քրդերի դեմ են եղել, իսկ Էրդողանի նախագահության տարիներին նրանք քիչ թե շատ ազատ են եղել, այպես որ շատ հավանական է, որ քրդերը հենց նրան կտան իրենց ձայնը:
Ըստ Ռուբեն Մելքոնյանի` հայ-թուրքական հարաբերությունները մնալու են նույնը.«Տիրելու են իմիտացիոն տարրեր, նախապայմանների սկզբունքները: Թորքիայում որքան էլ փոխվեն իշխանությունները հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն չի լինի: Միայն աշխարհաքաղաքական խոշոր փոփոխությունների դեպքում կարող է լինել տեղաշարժ Թուրքիայի հետ հարաբերություններում»:
Tags: թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ