Մարդու իրավունքների պաշտպան կոչվածին շատ կլիներ, որ հանդիպեի հետն ու քննարկեի նրա գործունեությունը. Պարույր Հայրիկյան

Պարույր ՀայրիկյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կարծիքին, թե պետությունը չպետք է հոգար Պարույր Հայրիկյանի` մահափորձից հետո  կրած առողջական խնդիրների լուծման ծախսերը: Չնայած հենց ասուլիսի սկզբում Պարույր Հայրիկյանն ասաց, որ «Մարդու իրավունքների պաշտպան կոչվածին» շատ կլինի, որ ինքը հանդիպի վերջինիս հետ ու քննարկի նրա գործունեությունը` բայց բավականին երկար խոսեց Կարեն Անդրեասյանի մասին: ԱԻՄ առաջնորդը լրագրողներին պատմեց, թե ժամանակին ինքն ինչպես էր կատարում ՄԻՊ-ի դերն ու ընդամենը չորս անդամներով ինչպես ջանք չէին խնայում այդ ինստիտուտը Հայաստանում ձևավորելու համար: «Ես չորս տարի աշխատում էի առանց աշխատավարձի, իսկ այդ տարիներն իմ աշխատանքային ստաժի մեջ անգամ չմտան: Այնինչ,  640 000 դրամ աշխատավարձ ստացող այս երիտասարդը համարձակվում է ցավ հայտնել, որ ինձ, որպես նախագահի թեկնածու մահափորձի ենթարկվածիս, պետությունը օգնել է: Անպարկեշտ է, որ 640 000 դրամ աշխատավարձ ստացող մարդն անհանգստանում է Հայրիկյանին բուժօգնություն ցուցավերելու համար»,-բարկացած ասում է Պարույր Հայրիկյանն ու Կարեն Անդրեասյանին հիշեցնում, որ Հայրիկյանը, իր խոսքերով  ասած, պիտի սրա նմանի համար բանտերում անցկացներ, տարիներով աշխատեր, ազատամարտիկ լիներ, բայց պիտի մեռներ, ու պետությունը  չպիտի աջակցեր նրան: «Կարեն Անդրեասյանը չի ծառայում մարդու իրավունքները պաշտպանելուն, այլ պաշտոնն օգտագործում է անձնական  նպատակների համար, բան ու գործ թողած, Հայրիկյան մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն, հարձակվում է ինձ վրա: Ամոթ իրեն, ես  միայն խորհուրդ կտամ, որ լռի, որովհետև շատ բաներ գիտենք, որ չենք ասում: Օրինակ` Եվրոպական միությունը 700 000 եվրո օգնություն էր հատկացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ի՞նչ արեցին, ձևական մի քանի գրասենյակ բացվեցին մարզերում,մնացածն իրենց համար մեքենաներ գնեցին», – եզրափակեց Պարույր Հայրիկյանը:

Tags: , ,