«Բելգիացի բժիշկը զարմացել է, երբ Հայրիկյանն ասել է, որ Հայաստանում կասկածողներ կան` տեղի ունեցածը մահափորձ է, թե ոչ». Կարո Եղնուկյան

եղնուկյանԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է այսօր ժամը 12.00-ին: Այդ մասին հաղորդել է  «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, որը ստանձնել է ՀՀ նախագահի նախկին թեկնածուի պաշտպանությունը։ Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանն իր խոսքում հիմնականում անդրադարձավ այդ հարցին:

Նա նշեց, որ նախաքննությանը ծանոթանալուց հետո Պարույր Հայրիկյանը եկել է եզրակացության, որ Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է: Եղնուկյանի խոսքով`  Վարդան Սեդրակյանի փաստաբանը կոպիտ սխալ է թույլ տվել`  նշելով, որ եթե նույնիսկ կրակել են Հայրիկյանի վրա, և եթե կրակողը Խաչիկ Պողոսյանն է, ապա դեռևս հստակ չէ`  նա է կրակել, թե ոչ:

«Անգամ բելգիացի բժիշկն է զարմացել, երբ Պարույր Հայրիկյանն ասել է, որ Հայաստանում կասկածողներ  կան` տեղի ունեցածը մահափորձ է, թե ոչ, – ասաց Կարո Եղնուկյանը  և հայտարարեց,- հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ ծառայությունները պարտավոր են հետևել նախագահի թեկնածուներին` կարելի է ասել, որ գոնե մեկն այդ պահին այնտեղ է եղել և տեսել է, թե ինչ է կատարվել: Եթե այդպես է, քննությունը անհասկանալի հիմքերով լռում է, եթե ոչ, ապա զարմանալի է, որ հատուկ ծառայությունը չի հետևել Պարույր Հայրիկյանին»:

Կարո Եղնուկյանի համար  մտահոգիչ է, որ Վարդան Սեդրակյանը  մինչ օրս ցուցմունք չի տվել, մինչդեռ միայն  նա կարող էր ամեն ինչ պարզաբանել:

Հարցին, թե ով է երրորդ օղակը, որը շահագրգռված էր թեկնածուի սպանությամբ, Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը իր պատասխանն ունի. «Սա սպանության փորձ էր, որ կարող էր կասեցնել ընտրությունների ընթացքը, և պետք է հարց տալ, թե ում էին ձեռնտու նոր ընտրությունները: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն շահագրգռված կարող էին լինել, քանի որ կարող էին փոշմանած լինել, որ թեկնածու չեն առաջադրել: Իշխանությանը`  մասնավորապես Սերժ Սարգսյանին դա ձեռնտու չէր»,- ընդգծեց Կարո Եղնուկյանը: