ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը` մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման առաքելությամբ

ԱՄՆ, ՀայաստանՍ.թ. ապրիլի 4-ին  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախքին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է:  Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:

ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիան բեկումնային լուծումներ կսատարի ջրային ռեսուրսների, առողջապահության, սննդի անվտանգության և առողջ սնուցման, էներգետիկայի, կրթության և կլիմայի փոփոխության ոլորտներում` առաջիկա հինգ տարիներին աջակցելով 200 միլիոն մարդու: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է իր ներդրումները` հիմնվելով գիտության և նորարարության ապացուցված ազդեցության վրա: 2008 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել էր մոտ $127 միլիոն օժանդակություն հետազոտությունների և զարգացման ուղղությամբ: Այժմ Գործակալությունը ծախսում է $611 միլիոն հօգուտ ոչ միայն հետազոտությունների, այլ նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում նորարարության և կիրառական լուծումների իրականացման:

«Լաբորատորիան գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կներգրավի համաշխարհային հանրությանը, այդ թվում` գյուտարարների, գիտնականների, հետազոտողների, ձեռներեցների, ներդրողների և կորպորատիվ առաջնորդների` ներդրումներ կատարելու, առավել խոստումնալից և շահավետ լուծումները փորձարկելու և ընդարձակելու համար` օգնելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը», – ասել է Շահը:

Լաբորատորիայի հիմնադիր գործընկերների շարքում են բազմաոլորտ կորպորացիաներ, այդ թվում Cargill, Cisco, Citi, Coca-Cola, DuPont, GlaxoSmithKline, Intel, Johnson & Johnson, Microsoft, Nike, Syngenta, Unilever, և Walmart, հասարակականկազմակերպություններ և հիմնադրամներ, այդ թվում` Care, the Bill & Melinda Gates Foundation, Catholic Relief Services, Global Impact Investing Network, Plan, Save the Children, the Skoll Foundation, World Vision, Գիտությունների ազգային ակադեմիան, և Սմիթսոնյան ինստիտուտը, համալսարաններ, այդ թվում` Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ջոնս Հոփքինսի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը, Միչիգանի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլի ինստիտուտը, Տեխասի A&M համալսարանը, Ուիլյամի ու Մերիի Քոլեջը, ինչպես նաև երկկողմ դոնոր-պետություն` Շվեդիան:

Այս գործընկերները կներդնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մեծ մասնագիտական փորձ, կատարելագործված հետազոտությունների և զարգացման մեթոդների կարողություններ, գնորդների, մատակարարների ու համայնքային կազմակերպությունների լայն ցանցեր, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերությունների միջոցով ավելի քան $30 միլիարդ անկախ ներդրումներ զարգացող շուկաներում:

Հայաստանն աշխարհում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելություններից ընտրյալ քսան երկրներից մեկն է, որոնք առաջատար կհանդիսանան գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերային (ԳՏՆԳ) նախաձեռնությունների ասպարեզում:

ԱՄՆ ՄԶԳ նախագահ Շահի` զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների դերը կարևորելու ջանքերը համապատասխան հիմքեր ունեն Հայաստանում, որը նախկին Խորհրդային Միության երբեմնի հիմնական հանգույցն էր էլեկտրոնային ծրագրերի մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, և կիսահաղորդիչների արտադրության բնագավառում: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ $45 միլիոն օժանդակություն ԳՏՆԳ-ին առնչվող հայաստանյան ծրագրերում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրի, կառավարման և առողջապահության ոլորտներում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ասել է. «Գիտությունը, տեխնոլոգիաները, նորարարությունն ու գործընկերությունները Հայաստանի զարգացմանն ուղղված մեր մոտեցման անբաժանելի մասն են կազմում: Հիմնվելով երկրի համեմատական առավելության և մաթեմատիկայի ու գիտության ոլորտում աշխատուժի ուժեղ կարողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել Հայաստանի զարգացման մարտահրավերներն առճակատելու համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու և Հայաստանի անցումը դեպի մրցունակ, գիտելիքահեն տնտեսության աջակցելու նպատակով: Մոտակա տարիներին մենք մտադիր ենք շեշտադրել ջրային ռեսուրսների կառավարման և մաքուր էներգիային առնչվող նախագծերը»:

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ն նաև սատարում է տեխնիկական գերազանցությունը` ստեղծելով համագործակցություններ ամերիկյան գիտական և ճարտարագիտական ընկերությունների հետ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, National Instruments-ի և  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը ստեղծել է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL)` ճարտարագիտության ոլորտում սերտիֆիկացման դասընթացներ առաջարկելու, գիտական հետազոտություններն  արդիականացնելու և ոլորտին համապատասխան ինժեներական լուծումներ առաջարկելու նպատակով: Նորարարության ասպարեզում ևս մեկ կարևոր գործընկերություն է Microsoft-ի ինովացիոն կենտրոնը, որը տրամադրում է սերտիֆիկացման դասընթացներ և խթանում է տնտեսության հիմնական մարտահրավերներին ուղղված ուրույն ծրագրային լուծումների մշակումը:

Tags: ,