Հանրային խորհուրդի կոչը աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին

հանրային խորհուրդՀայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչով դիմել է աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին (որոնք ՀՀ Հանրային խորհրդի հետ միասին միավորված են միջազգային մեկ կառույցում)՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

Հարգելի գործընկերներ

 

Սիրիայում արդեն երրորդ տարին տևող հակամարտության ընթացքում այնտեղ բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունները՝ այդ թվում նաև սիրիահայությունը, ինչպես նաև Քեսաբի հայերը, ենթարկվել են աննախադեպ հալածանքների` մասսայական սպանությունների ու տեղահանության: Դա լրջագույն մարտահրավեր է միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների պաշտպանության հիմնարար սկզբունքներին:

Մարտի երկրորդ կեսին Թուրքիայի տարածքից Սիրիա թափանցած ծայրահեղական զինյալ գրոհայինների հարձակման հետևանքով Քեսաբի հազարավոր հայեր ստիպված են եղել թողնելու հայրենի բնակավայրը և դառնալ փախստականներ: Կան լուրջ վկայություններ, որ Քեսաբի՝ որպես հարձակման թիրախի ընտրության մեջ իրենց դերն են ունեցել Թուրքիայի իշխանությունները, որոնք նաև այլ օժանդակություն են ցույց տվել գրոհայիններին:

Քեսաբում բնակվող հայերը 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրականացված ցեղասպանության և աքսորի հետևանքով վերապրածներն ու նրանց հետնորդներն են:

ՀՀ Հանրային խորհուրդը դատապարտում է քեսաբահայության տեղահանության փաստը և կոչ անում բոլոր կողմերին վճռական գործողություններ իրականացնել Սիրիայի հակամարտության շուտափույթ խաղաղ հանգուցալուծման, փախստականների վերադարձի և խաղաղ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունների հետաքննության ու մեղավորների պատժման ուղղությամբ:

Հանրային խորհուրդը կոչ է անում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS) իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում` դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը:

Միայն վճռական գործողությունների միջոցով միջազգային հանրությունը կարող է նպաստել 21-րդ դարում մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության մեխանիզմների գերակայության վրա հիմնված համակեցության հաստատմանը:

 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Tags: , ,