Այսօր Գյումրիում կայացան ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի արտախորհրդարանական լսումներ`
ՀՀ-ում “Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման” համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողներ, պատգամավորներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, հկ-ներ և այլք:
Ելույթներով հանդես եկան հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, անկախ փորձագետ Մուրադ Կիրակոսյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյանը:
Հանդիպումը կայացավ “Գյումրի” բժշկական կենտրոնում:
“Հիմնական նպատակը նա է, որ կարողանանք էլ ավելի բարելավել բժշկական ծառայությունների որակը, որը կատարվում է ոչ միայն բուժսարքավորումների և շենքային պայմանների բարելավման, այլև մասնագիտական զարգացման միջոցով: Որպեսզի կարողանանք ունենալ որակյալ բժշկական ծառայություններ, մենք պետք է մեր բուժաշխատողներին մշտական զարգացման ծրագրերի մեջ ընդգրկենք, որպեսզի նրանք չշարունակեն սրանից 30 տարի առաջվա գիտելիքները կիրառել առանց նոր մոտեցումների կիրառմամբ”, – լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Վերջինիս գնահատմամբ այս նախագիծը` բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ օրենդրությունը վերամշակելու մասին հնարավորություն է տալու, որպեսզի մարդիկ առանց աշխատատեղը, բնակավայրը լքելու`մարզային կառույցների և հասարակական մասնագիտական կազմակերպությունների միջոցով կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին և նմանատիպ միջոցառումների ժամանակ հինգ տարվա ընթացքում հավաքեն որոշակի կերդիտներ և ներկայացնելով համապատասխան կառույցին` օնլայն ստանալ իրենց հավաստագիրը, որով կարող են աշխատել հինգ տարի:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. “Վերջապես ինստիտուտ ավարտելուց, դիպլոմ ստանալուց հետո յուրաքանչյուրը պետք է մտածի նեղ մասնագիտություն ձեռք բերելու մասին”:
Լսումներից հետո հանձնաժողովը օրենքի նախագիծը կներկայացնի ԱԺ-ի հաստատմանը և կփորձի խնդիրը կարգավորել օրենքի ուժով:
Tags: գյումրի, պատգամավորներ