Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ

տարոն, մարզիկներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար. «Մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն է հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում ու հաղթանակ: Առավել ևս, երբ տվյալ մարզաձևում մենք արդեն իսկ ունեցել ենք լեգենդար մարզիկներ, ովքեր մեկընդմիշտ ամրագրել են Հայաստանի համբավն այդ մարզաձևում, մեր սպասելիքներն ու ակնկալիքները միշտ էլ կրկնապատիկ են: Եվ այս տեսանկյունից մարմնամարզությունը իրոք բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով, որ մանկապատանեկան մեր մարզադպրոցը ղեկավարում է հենց այդ լեգենդներից մեկը՝ Դուք, պարոն Ազարյան: Եվ շնորհավորելով բոլորիս աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձե՛ր գլխավորությամբ մեր թիմի մարզիկները մշտապես հաղթող ճանաչվեն ու դառնան Ձեր արժանի հետևորդը՝ նվաճելով նաև օլիմպիական չեմպիոնի պատվաբեր կոչումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար Ալբերտ Ազարյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում շատ որոշակի է նաև Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրումը, քանզի համայնքային ենթակայության մարզադպրոցի հանդեպ մշտապես առկա է ուշադրությունն ու հատուկ վերաբերմունքը. «Քաթարում գրանցած մեր հաղթանակներն իրոք որ փայլուն էին, քանի որ կանոնակարգով նախատեսված 6 մրցաձևերից մեզ հաջողվեց հաղթել 3-ում: Ընդ որում, մասնակիցների թվում և՛ օլիմպիական չեմպիոն կար, և՛ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններ: 4-րդ մարզաձևում էլ նվաճեցինք արծաթե մեդալ, ինչը ևս հաջողություն է: Ինչևէ, ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք թե՛ մեր երկրի և թե՛ մեր սիրելի Երևանի պատիվը», – նշել է Ալբերտ Ազարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

 Անկախ

Tags: ,