Հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանի մղձավանջը Թուրքիայում

 Անժելիկա Մելիքսիզյան   13 տարի Թուրքիայում ապրող հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանը «Ակօս»-ի լրագրողին պատմել է, թե այս տարիների ընթացքում ինչ ճնշումների ու խտրականության  է ենթարկվել միայն այն պատճառով, որ հայ է: Կինը երեք տարի առաջ ամուսնանալով ամուսնու և որդու հետ Ստամբուլից տեղափոխվել է Անթալիա, որտեղ էլ սկսվել են նրա մղձավանջները: «Որդիս Անթալիայի լիցեյներից մեկում է սովորում: Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, սակայն հետո սկսեց ասել, որ չի ուզում դպրոց գնալ: Պատմում էր, որ պատմության ուսուցիչը մյուս երեխաներին անընդհատ իր դեմ է հրահրում, ինչի արդյունքում դասընկերները նրան ծեծել էին: Ես գնացի դպրոց և խոսելով ուսուցչի հետ՝ խնդրեցի, որ այսպիսի դեպքերը կանխվեն: Հետո որդուս դպրոցի զուգարանում ծեծեցին: Մենք էլ այլևս չկարողացանք դիմանալ և ստիպված որդուս Հայաստան ուղարկեցի»,-պատմում է Անժելիկան:

Կինը նշել է նաև, որ աշխատավայրում ևս ենթարկվել է շրջապատի ճնշումներին: «Անթալիայի կենտրոնում գտնվող մի ոսկերչի արհեստանոցում եմ աշխատում: Ամենփոքր խնդիր ծագելիս էլ ինձ ասում են՝ հայ ես, վեր կաց գնա քո երկիրը, սա քո հողը չէ: Արդյունքում ստիպված եղա աշխատանքից էլ դուրս գալ: Մենք այստեղ շատ միայնակ ենք»,-նշում է հայաստանցի կինը, որը շարունակում է ապրել Անթալիայում:

Անկախ

 

Tags: ,