Երեկո` նվիրված Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին

unnamedԱպրիլի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ երեկո` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին:

«Ժպտերես, անսահման և անմնացորդ նվիրված ուսանողներից յուրաքանչյուրին, պատասխանատվությամբ և եռանդով լեցուն»,- այսպես բնութագրեց մանկավարժ Աբգար Մուրադյանին համերգի ընթացքում որպես մենակատար հանդես եկող Դավիթ Գյուլամիրյանը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ Աբգար Մուրադյանի նկարագիրը նույնպես առավել քան խոսուն էր. «Յուրաքանչյուրն, ով Աբգար Մուրադյանի հետ գեթ մեկ անգամ առնչվելու երջանկություն է ունեցել, այսօր էլ խորը ակնածանքով է հիշում նրան՝ մարդու, որ այնքա՜ն խնամքով սերնդեսերունդ է փոխանցել տարիների կուտակած գիտելիքներն ու փորձը: Ինչքան սեր ու ջերմություն է տվել նա շրջապատին, քանի ու քանի անգամ ենք ղեկավարվել նրա թանկագին խորհուրդներով: Չեմ դադարի հիանալ, թե ինչ ներդաշնակությամբ էին մի անձի մեջ միաձուլվում մեծատառով մարդու և նույնքան մեծատառով երաժշտի հատկանիշները: Որքան էլ ժամանակ անցնի, մեր հիշողություններում վառ կպահենք Մուրադյանի մասին ջերմ հուշերը: Նրա 70-ամյակին նվիրված համերգը այն ամենափոքր միջոցն է, որով կարող ենք հարգանքի տուրք մատուցել այդ իրավամբ մեծ ու իսկական երաժշտին»:

Համերգից առաջ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահը, որտեղ հնչում էր Աբգար Մուրադյանի կատարմամբ Մոցարտի Կլառնետի կոնցերտի ձայնագրությունը, լեփ-լեցուն էր հյուրերով:

Համերգի առաջին մասում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ունկնդրին ներկայացրեց Գագիկ Հովունցի Լարգոն կլառնետի և նվագախմբի համար «Խորեոգրաֆիկ պիեսներ» սիմֆոնիկ սյուիտից՝ նվիրված Աբգար Մուրադյանին, և Լուի Շպորի Կլառնետի թիվ 4 կոնցերտի հայաստանյան պրեմիերան::  Երեկոյի առաջին մասի ավարտին անվեջ ծափողջույնների պահանջով մենակատար Դավիթ Գյուլամիրյանը կրկին բեմում էր. հնչեց Լուիջի Բասսի «Վենետիկյան դիմակահանդեսը»:

Երկրորդ բաժնում նվագախումբը հանդիսատեսի դատին հանձնեց Մոդեստ Մուսորգսկու/Մորիս Ռավելի «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը: Հրաշալի կատարումից հետո «բիսն» արդեն անխուսափելի էր: Նվագախումբը ներկայացրեց Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ֆինալը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: , , ,