Հրանտ Դինքը «Արարատ» ֆիլմը չէր հավանել. Ատոմ Էգոյան

unnamed (3)Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում` «Սատանայի հանգույցը» իր նոր ֆիլմով մասնակցելու Ստամբուլի կինոփառատոնին: Թուրքական «Ռադիկալի» լրագրողը հանդիպել և զրուցել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր  Էգոյանի հետ՝ նրա հետ խոսելով ինչպես նոր ֆիլմի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Հրանդ Դինքի հետ նրա զրույցների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:

- Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեցին, երկխոսություն սկսվեց: Դուք ի՞նչ զգացիք:

- Երկխոսություն սկսելը շատ կարևոր զարգացում է, ես շատ հարգում եմ երկու ժողովուրդների՝ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը, հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն: Հաջորդ տարի 100-ամյակն է լրանալու, և բոլորս հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ կլինի: Կապ հաստատելը լավ է: Իհարկե, սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, ցավոք, մեծ կորուստ էր, մարդիկ շատ ազդվեցին: Մյուս կողմից էլ այն մեծ փոփոխություն առաջ բերեց: Հրանտը հիանալի և անսովոր կերպար էր: Երբեմն կինոյից էլ էինք խոսում:

- Ի՞նչ էիք խոսում:

 - Օրինակ՝ «Արարատը» չէր հավանել, բավական բանավիճել ենք: Կարծում էր, որ ֆիլմը չի նպաստում ոʹչ երկու կողմին, ոʹչ էլ հարցին: Սակայն այսքան տարի անց, երբ նայում եմ ֆիլմին, մտածում եմ, որ այն տեղի ունեցածի մասին խոսելու առաջարկ եղավ կողմերին: Իմ կարծիքով՝ այն արժեքավոր առաջարկ էր: Եվ ի վերջո երկխոսություն սկսվեց, ինչը շատ լավ բան է: Սակայն մարդիկ չհավանեցին վերացական մոտեցումը «Արարատին»: Այնուհանդերձ, կարծում եմ, որ այն մնայուն ֆիլմ է:

Tags: , ,