Սեյրան Օհանյան. «Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա»

DSC_5563Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի եզրափակիչ օրը՝ ապրիլի 6-ին, լրագրողների հյուրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն էր։ Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Օհանյանն անդրադարձավ տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Խոսելով բանակ-հասարակություն, բանակ-զանգվածային լրատվամիջոցներ կապերի մասին՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել բանակը հասարակության համար ավելի թափանցիկ, բաց դարձնելու ուղղությամբ։ «Մենք պարտավոր ենք բանակը բացել մեր հասարակության առջև։ Այդ առումով բավականին հաջողություններ ունենք, այդ քայլերն արվում են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Բանախոսը կարևորեց բանակային իրականությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը և ճիշտ ինֆորմացիայի ներկայացումը։ Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տեղեկատվական պատերազմներն ընդհանուր քաղաքական և ռազմական պատերազմների փուլերից են։ Տեղեկատվական պայքարը շարունակվում է ինչպես յուրաքանչյուր պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Տեղեկատվական պայքարի միջոցով կարելի է ամրապնդել հաղթանակները կամ էլ արդարացնել թերությունները, պարտություններն ու բացթողումները։ Ճիշտ իրականացման դեպքում դրանք կարող են կանխել ռազմական գործողություններ, կարող են նաև արագացնել մարտական գործողությունները։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ բանակում միջանձնային խնդիրներին՝ շեշտելով, որ այդ հարաբերություններում առաջին թշնամին փողոցային, արատավոր բարքերն են։ Ըստ նրա՝ հայկական բանակը պետք է առանձնանա իր միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակով և միասնականությամբ։ «Ես արգելել եմ բանակում կիրառել այն միտքը, թե մենք հասարակության հայելին ենք։ Մենք հասարակության մի մասն ենք և պետք է օրինակ դառնանք նրա համար»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ այս պահին բանակում հասել ենք նրան, որ էապես նվազել են միջանձնային հարաբերությունների հետևանքով կորուստները։

Նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանում գերի ընկածների ճակատագրին, սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը, ՀՀ զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, բանակում աղջիկների ծառայությանը, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։

Համաժողովի ավարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ լրագրողների հետ նման ձևաչափով ծրագրերը լինելու են շարունակական։ Նա լսեց համաժողովի մասնակիցների առաջարկները և վստահեցրեց, որ եթե լրագրողների կողմից երիտասարդական ոլորտում ծրագրերի նախաձեռնություն լինի, ապա երիտասարդական հիմնադրամը պատրաստ է քննարկել և իրականացնել դրանք։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Tags: , ,