Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կռահում էր, որ վաղ թե ուշ Հայաստանում տեղի կունենա կառավարության փոփոխություն, սակայն չէր սպասում, որ դա հենց հիմա կլինի: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ երկրում տիրող վիճակը վկայությունն էր այն բանի, որ կառավարության փոփոխությունը մոտ է. ՛՛Այն, որ սա այն իշխանությունը չէր, որ կկարողանար մնալ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, ակնհայտ էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակից: Քչերն էին, որ հույս կարող էին ունենալ, թե այս իշխանությունը երկար կմնա իր դերում, բայց որ դա կլինի հենց հիմա, անակնկալ էր՛՛, – հայտնեց քաղաքագետը, սակայն մատնանշեց, որ վարչապետի և կառավարության փոփոխությունը մեծապես չի բարեփոխի երկրի վիճակը, քանի որ, նրա խոսքով ասած, ՛՛պոստսովետական երկրներում քաղաքական կուրսը վարչապետի սենյակում չէ, որ որոշվում է, այլ նախագահի՛՛:
Թե ով կլինի հաջորդ վարչապետը, Ալեքսանդր Իսկանդարյանը կռահել չի կարող, չի էլ ցանկանում: Այս մասին լրագրողներից մեկի հարցին նա պատասխանեց. ՛՛Ես քաղաքագետ եմ ոչ թե սուրճի բաժակով գուշակություն անող: Կարծում եմ, որ արդեն պարզ է հաջորդ վարչապետի անունը, բայց այդ մասին կխոսենք հաստատումից հետո միայն՛՛:
–
Լարա Առաքելյան
