Ապրիլի 7-ը նաև ազատամարտիկների կանանց տոնն է

26 012Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ապրիլիյոթյան տոնակատարություն  «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում: Շիրակի մարզպետարանի և «Արտ» ընկերության համատեղ ջանքերով տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր էր պատրաստվել մարզի զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց համար:
Շուրջ 4 տարի առաջ Շիրակի մարզում սկսվեց նախադեպը չունեցող՝ «Հատուցում» ակցիան, որը կազմակերպել և մինչ օրս անցկացնում է «Արտ» ընկերությունը: Ծրագրով հատուկ ուշադրություն է դարձվում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով ծովափնյա հանգիստ:
Այսօր էլ տոնի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աջակցությամբ, 10 զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին հանձնվեց 7-օրյա անվճար ուղեգիր՝ դեպի Սև ծով, հանգստանալու համար:
Ընկերությունը տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ համագործակցելով այսպիսի ակցիա իրականացնում է ամբողջ մարզում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին, որովհետև իր անմիջական աջակցությունով մասնակցեց «Հատուցում» ակցիային: Վերջապես ես այդ կառույցը տեսա իր բնականոն հունով աշխատելիս, որի համար շատ ուրախ ու հպարտ եմ: Ուզում եմ բոլոր գործարարներին, նրանց, ովքեր ազատամարտիկների կողքին կանգնած են, իմ երախտիքի խոսքն ուղղել: Վերջապես սկսում ենք հասկանալ, որ ազատամարտիկները մեկ քայլ առաջ են մեզանից», – ասում է «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը:
Արդեն մոտ 1000 մարդ օգտվել է այս ծրագրից, իսկ միայն այս տարի նախատեսվում է 250 ազատամարտիկների և  50 մարզիկների համար ևս ծովային հանգստի ուղեգրեր տրամադրել:
Իսկ մարզի 22 կին վետերաններին ապրիլի 7-ի կապակցությամբ մարզպետի կողմից տրամադրվել են նաև դրամական պարգևներ:

Tags: ,