Սամվել Բալասանյանն ափսոսում է, որ 3 երեխա է ունեցել

Սամվել ԲալասանյանԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ապրիլի 7-ի կապակցությամբ այցելեց Գյումրու ծննդատուն և նվերներ հանձնեց նորածինների մայրերին:
«Երբ ԱԺ-ում այս տոնն ընդունվում էր, առաջիններից մեկը ես էի, որ կողմ էր: Ընդունվեց և այս մեկամսյակը մեր մայրերին, քույրերին շնորհավորենք, մաղթենք ամենալավ բարիքները, առողջություն, հաջողություն և շատ-շատ զավակներ ունենան: Ինձ թվում է, ամենամեծ հաջողությունը ծնողի համար՝ երեխան է: Ես նույնպես տանը փոքրիկ Սամվել Բալասանյան ունեմ և ուրախանում ենք նրանով, դրանից մեծ ուրախություն ընտանիքում՝ չկա», –  ծննդատանը նշեց քաղաքապետը: Նա կարևորեց այնպիսի օրենքների ընդունումը, որոնցով  հնարավոր լինի խրախուսել շատ երեխաներ ունենալը: «Ես իմ կյանքի փորձով եմ ասում՝ ինչքան մարդը շատ երեխաներ ունենա, այնքան հարուստ կլինի: Ես այսօր ծննդատանը, 17 մայրերին՝ այդ գեղեցկուհիներին կոչ արեցի՝ շատ երեխաներ ունեցեք: Ամենաքիչը գոնե 4 երեխա, ես երեքը ունեմ, և գտնում եմ, որ շատ քիչ է: Ես պրոպագանդում եմ, որ իմ որդիները շատ երեխաներ ունենան՝ գոնե 5-6-ը, սեռը նշանակություն չունի», – ասում է Սամվել Բալասանյանը:
Ապրիլի 7-ին Գյումրիում ծնվել է 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա, սակայն այսօր ծննդատանը կար 17 նորածին, որոնք լույսաշխարհ էին եկել շաբաթ և կիրակի օրերին՝ 7 աղջիկ, 10 տղա:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ծնունդների թվի առումով տարին այնքան էլ լավ չի համարում. «Ցավոք, ունի նվազման միտում: Կա արտագաղթ, այդ պայմաններում, համեմատական ձևով և եղել է ծնունդների թվի նվազում: Ցանկալի չէ, բայց փաստ է, որի հետ պետք է բոլորս համակերպվենք»:
Այս տարվա առաջին եռամսյակում Գյումրու ծննդատանը ծնվել է 191 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 50 ծնունդով պակաս է: Ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լիլիա Պողոսյանը սա կապում է նաև Ավստրիական հիվանդանոցում ծննդաբերական բաժանմունքի բացումով:

Անկախ

Tags: , ,