«Անուշը պարտադիր պետք է լինի տրեխներո՞վ ու վրայից թրիքի հո՞տ պետք է գա, չէ՞ որ ուրիշ մոտեցումներ էլ կան». Սերգեյ Դանիելյան

Սերգեյ ԴանիելյանՍերժ Ավետիքյանի «Անուշ» մյուզիքլի պրեմիերայից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ: Բազմաթիվ մտավորականներ միացան և  անգամ նամակ գրեցին Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ նախագահը թույլ չտա խայտառակ գործը դուրս բերել միջազգային ասպարեզ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս թեմային, դերասան Սերգեյ Դանիելյանը հայտնեց, որ, թեև մյուզիքլը չի տեսել, սակայն գտնում է, որ եթե անգամ այն աշխարհի ամենաապաշնորհ ներկայացումն է, միևնույն է՝ անընդունելի է նամակ գրելու և նախագահին դիմելու երևույթը:

«Հասկանում եմ, որ ՀՀ նախագահը մտավորականների արվեստի ընկալման չափանիշն է, նա մաեստրոն է, բայց արդյոք նրան պե՞տք է անընդհատ անհանգստացնել: Վերջապես պետք է հասկանալ, որ նամակներ գրելու ժամանակներն անցել են: Տեղն եկած ժամանակ արվեստագետները սկսում են նախագահի լեգիտիմության հարցը որոշել, բայց նեղն ընկած տեղը նամակ են գրում նախագահին:  Հայաստանը պետք է ներկայանա: Ասում են՝ չի կարելի, որ Հայաստանի մշակույթը այդ բեմադրությամբ ներկայանա, բայց ո՞վ է այդ ասողներին արգելել անել ավելի լավը:  Եվ ի վերջու` մի՞թե Անուշը պարտադիր պետք է լինի տրեխներով, վրայից թրիքի հո՞տ պետք է գա, չէ՞ որ ուրիշ մոտեցումներ էլ կան». – ասաց Սերգեյ Դանիելյանը:
 

Tags: