Արտակարգ դեպք թուրքական խորհրդարանում. հարձակվել են ԺՀԿ-ի առաջնորդի վրա (տեսանյութ)

kilicdaroglu_6420    Րոպեներ առաջ թուրքական ԶԼՄ-ները լուրեր են տարածել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա իրականացրած հարձակման մասին: Նախնական լուրերի համաձայն՝ Քըլըչդարօղլուն թուրքական մեջլիս մտնելիս է եղել, երբ նրա վրա հարձակվել է որպես այցելու խորհրդարան եկած անհայտ մի անձ և բռունցքի 4 հարված հասցրել քաղաքական գործչին: Արդյունքում կոտրվել է վերջինիս ակնոցը, ինչպես նաև աչքի շրջանում կապտուկ է գոյացել: Կուսակցականները միջամտել են և ծեծի ենթարկել անհայտ «բռնցքամարտիկին»: Նա վնասազերծվել և ձերբակալվել է մեջլիսի ոստիկանության կողմից:

    «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Քըլըչդարօղլուն, այնուամենայնիվ, մասնակցել է կուսակցության ժողովին՝ հայտարարելով. «Բոլորին հրավիրում եմ մահափորձ կատարելու: Ժողովրդավարության տանող ճանապարհը լի է խոչընդոտներով: Սա առաջին հարձակումը չէ ԺՀԿ-ականների վրա: Բռունցքի մի հարվածի պատճառով երբեք հետադարձ քայլ չենք կատարելու: Ճնշումներն ու բռնությունը մեզ չեն կարող խանգարել: Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ այս երկիրը տանել դեպի առողջ ժողովրդավարություն»:

Tags: ,