Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել

սերգո կարապետյանԱշխատանքային այցը  Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է  մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում:  Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց բացի, կառավարությունը կարողանում է որոշակի ֆինանսական փոխհատուցում տալ նաև բնական աղետից տուժած համայնքներին: Սակայն ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը, հիշեցնելով, որ միայն գյուղացուն օժանդակելու չորս ծրագրով պետությունը 4,5 միլիարդ  դրամով  սուբսիդավորում է իրականացրել, ասել է՝ թե այդքանով թեթևացրել է գյուղացու բեռը:

  «Այս,  և գյուղատնտեսությանն առնչվող մյուս բոլոր խնդիրները, ինչպես և նախկինում, այսօր նույնպես հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջին  նման հանձնարարականը, որ տրվել է Նախագահի կողմից, Հայաստան ներկրված գարու սերմացուն,  նախատեսված 200-ի   փոխարեն  130 դրամով գյուղացիներին տրամադրելու մասին է »,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության  ոլորտի հիմնախնդիրներին, նա համայնքապետերի ուշադրությունը հատուկ հրավիրել է մարզում կարտոֆիլի ցանքերի ավելացման անհրաժեշտությանը, մանավանդ, որ կարտոֆիլի իրացման խնդիրներ այսօր չկան և վաճառքի գներից էլ գյուղացիները գոհ են: Կարևորվել է  նաև տեխնիկական պարկի թարմացումն ու համալրումը: «Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ,տարբեր ծրագրերով հանրապետություն են ներկրվել և լիզինգային եղանակով գյուղացիներին տրամադրվել 200-ից ավելի  տարբեր հզորության տրակտորներ: Օրերս  նույն  ծրագրով Հայաստան կներկրվի 10 հացահատիկահավաք կոմբայն, որից 2-ը կտրամադրվի Գեղարքունիքի մարզին»,-ասել է Սերգո Կարապետյանը:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարի պաշտոնակատարը  «Գյուղատնտեսության նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին և ֆերմեր Վանիկ Հարությունյանին՝ Գանձակ համայնքից: Մարզի գյուղատնտեսության ևս 12 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին  նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Սիրականյան եղբայրների Վարդաձոր համայնքում գտնվող կաթնապրանքային ֆերման  և կատոֆիլի պահպանության պահեստարանները, ծանոթացել արտադրությանն ու զրուցել  աշխատակիցների հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

 

Tags: ,