Բարձրագույն Ռադայի կողմից Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Ավակովի խոսքերով «կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է քաղաքական երկխոսության կամ ուժային միջոցներով», հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Լուգանսկի, Դոնեցկի, Խարկովի շրջանները, որտեղ զանգվածային հանրահավաքներն էին անցկացվում, իրավիճակը կարող է կարգավորվել մոտակա 48 ժամվա ընթացքում քաղաքական կամ ուժային միջոցներով: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Կարծում եմ` այս ճգնաժամի հաղթահարումը 48 ժամվա ընթացքում կարող է իրականացվել: Նախարարության օպերացիայի ռեժիմը երեք շրջաններում էլ կասեցված չէ և մենք յուրաքանչյուր պահի պատրաստ ենք իրականացնել բոլոր ծրագրված գործողությունները»,- նշել է նախարարը:
«Կա երկու ճանապարհ, երկու բևեռ` քաղաքական կամ ուժային կարգավորում, և մենք պատրաստ ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին: Հարցը միայն այն է, որ ամեն ինչ պետք է կատարվի ինչպես Խարկովում»:
Իսկ Խարկովում տեղի ունեցավ հետևյալը.
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ապրիլի 8-ի օպերացիայի հետևանքով ազատագրվեց տարածքային պետական կառավարման շենքը: Ձերբակալվեց 70 մարդ: Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը դրանից հետո հաղորդեց, որ մոտակա ժամանակահատվածում Ուկրաիայի արևելքում իրավիճակը կկարգավորվի:
Tags: Ղրիմ, Ուկրաինա