Նորամուտ Եվրոպայի առաջնությունում

Handball en Roumanie 209Մայիսի 15-ին լուսաբացին  մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի:

Մերոնք ընգրկված են 5-րդ խմբում: Վիճակահանությամբ բաժին են հասել ուժեղ մրցակիցներ: Վիեննայից 60 կմ հեռու գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը  մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի համապատասխանաբար Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Նոյեմբերից այն կանոնավոր պարապմունքներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնեցին, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու և պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են  նաև Ֆրանսիայում բնակվող մեր երեք հայրենակցուհիներ: Նրանք իրենց խաղընկերներին կմիանան  մրցավայրում:
Ի դեպ, այս տարիքի մեր հանդբոլիստուհիները նորմուտ են նշելու եվրոպական ստուգատեսում: Հայաստանի պատվիրակության կազմում են` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ Աննա Մելքոնյանը (գլխավոր քարտուղար), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա):
Մեր երկրի պատիվը կպաշտպանեն` դարպասապահներ` Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը (Ֆրանսիա), մարզահրապարակի խաղացողներ` Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը (Ֆրանսիա), Լորենա Կորկոտյանը (Ֆրանսիա):