Արսեն Խոջոյանի ընտանիքը ծայրահեղ պայմաններում է, քույրն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի

10150564_725770804112178_5596208753426918005_nՄարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված 23-ամյա Արսեն Խոջոյանին հայկական կողմին վերադարձնելու վերաբերյալ նոր լուրեր առայժմ չկան:

Արսենի հորեղբորորդին` Արմեն Խոջոյանը, կապ է հաստատել Կարմիր խաչի հայկական գրասենյակի հետ` ճշտելու` արդյոք նորություններ կան, թե ոչ: Սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից հայտնել են, որ դեռևս նոր տեղություններ չկան:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը վերջի օրերին հայտնել էին հայ գերու հնարավոր վերադարձի մասին: Նշվել էր, որ բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի այս ընտանիքն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Ընտանիքն ունի յոթ զավակ, որոնցից մեկը` 14-ամյա Անի Խոջոյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել է սուր ռևմատիկ տենդ 3-րդ աստիճանի ակտիվություն: Արսեն Խոջոյանի քույրը` Անին, արդեն իսկ հաշվառվել է <<Արաբկիր>>  բժշկական կենտրոնում, ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Խնդիրը նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, և նշվել է, որ եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, ապա առողջապահական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ընտանիքին: Այս պահին Անիին պետք է ամիսը մեկ անգամ ներարկում կատարեն:

Տավուշի մարզպետարանի սոցիալական բաժնի ղեկավարը նշել է, որ  առաջիկա օրերին Խոջոյանների ընտանիքին կտրամադրվի պետական ծրագրով նախատեսված սոցիալական նպաստ` 30 հազար դրամի չափով: Բաժնի ղեկավարը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ չնայած նպաստը մեկանգամյա է, սակայն մարզային իշխանությունը նախատեսել է ևս մեկ անգամ 30 հազար դրամի չափով օգնել: Վերին կարմիրաղբյուրի գյուղապետարանը Խոջոյանների ընտանիքին մի քանի պարկ ալյուր է փոխանցել:

 

Անկախ

Tags: , , , ,